Թյուրքական ազդեցության աճը բխում է Վաշինգտոնի շահերից. Սուրեն Սարգսյան
https://parstoday.ir/hy/news/world-i239784-Թյուրքական_ազդեցության_աճը_բխում_է_Վաշինգտոնի_շահերից._Սուրեն_Սարգսյան
Վերջին օրերին հաճախ է քննարկվում, թե ինչու է ԱՄՆ-ն Հարավային Կովկասի գործընթացները դիտարկում թուրքական (թյուրքական) գործոնի տեսանկյունից։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
(last modified 2025-11-28T07:06:48+00:00 )
Նոյեմբեր 28, 2025 10:36 Asia/Tehran
  • Թյուրքական ազդեցության աճը բխում է Վաշինգտոնի շահերից. Սուրեն Սարգսյան

Վերջին օրերին հաճախ է քննարկվում, թե ինչու է ԱՄՆ-ն Հարավային Կովկասի գործընթացները դիտարկում թուրքական (թյուրքական) գործոնի տեսանկյունից։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Իրականում սա բավականին պրագմատիկ հաշվարկ է ամերիկյան արտաքին քաղաքականության համատեքստում և մեծ պատկերի միայն մի մասն է։ ԱՄՆ-ը Թուրքիային դիտարկում է որպես բնական պատնեշ, հակակշիռ և մրցակից Վաշինգտոնի հիմնական հակառակորդների՝ Ռուսաստանի և Չինաստանի (միանշանակ նաև Իրանի) դեմ։

Այսինքն՝ ուժեղ Թուրքիան (ներգրավված նաև թյուրքական աշխարհի գաղափարախոսական հենքում) կարող է խնդիրներ ստեղծել Մոսկվայի և Պեկինի համար՝ սկսած Հարավային Կովկասից և Սևծովյան տարածաշրջանից մինչև Կենտրոնական Ասիա և Մերձավոր Արևելք, որտեղ Ռուսաստանն ու Չինաստանը կենսական շահեր ունեն։

Հետևաբար, Վաշինգտոնը ձևավորում է խոչընդոտներ, պատնեշներ և լրացուցիչ մարտահրավերներ իր մրցակիցների համար։ Սա բնական աշխարհաքաղաքական մրցակցություն է, որն առկա է գլոբալ տերությունների միջև։ Այդ տրամաբանությամբ՝ թյուրքական ազդեցության աճը բխում է Վաշինգտոնի շահերից այնքան ժամանակ, քանի դեռ այն խնդիրներ է ստեղծում Պեկինի և Մոսկվայի համար։

Միաժամանակ, Վաշինգտոնը ստեղծում է նոր գործիքներ Թուրքիային վերահսկելի ազդեցության տակ պահելու համար և շարունակում է կիրառել ավանդական մեխանիզմները։

Նման մոտեցում Վաշինգտոնը ունի նաև Հնդկաստանի նկատմամբ՝ Դելին դիտարկելով որպես բնական հակակշիռ Չինաստանի դեմ, որքան էլ այդ մոտեցումը դժգոհություն առաջացնի Հնդկաստանում։

Այսպիսով, քանի դեռ Թուրքիան օգտագործվում է Պեկինի և Մոսկվայի դեմ գլոբալ մրցակցության խաղում, նրա տարածաշրջանային կշիռը մեծանալու է՝ կլանելով մաքսիմումը (լինի դա Արցախ, Սիրիա, միջանցքներ ու ճանապարհներ, ազդեցություն թյուրքական պետություններում և այլն:) Ինչ վերաբերում է մեզ, ապա Հարավային Կովկասում զսպման ու հակակշռման մեխանիզմների բացակայության պայմաններում այս բնական գործընթացը շարունակվելու է մինչև բալանսի վերականգնումը: