Իրանի բարձրաստիճան դիվանագետ. Միակողմանի պատժամիջոցները մարդկության դեմ հանցագործություն են
Հաագայում Միջազգային քրեական դատարանի անդամ պետությունների ասամբլեայի նիստում Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության ղեկավար և Արտաքին գործերի նախարարության միջազգային իրավական հարցերի գլխավոր տնօրեն Աբբաս Բաղերփուրը ներկայացրել է Թեհրանի հստակ դիրքորոշումը՝ Միացյալ Նահանգների և որոշ արևմտյան կառավարությունների միակողմանի պատժամիջոցները որակելով որպես «մարդկության դեմ հանցագործություն»։
Անդրադառնալով Իրանի ժողովրդի, մասնավորապես՝ հիվանդ և խոցելի խմբերի կյանքի վրա պստժամիջոցների ուղղակի և կործանարար ազդեցությանը՝ Բաղերփուրը շեշտել է, որ պատժամիջոցները իրականում ուղղված են ազգերի կյանքի և առողջության իրավունքի դեմ և պետք է հետապնդվեն միջազգային իրավունքի շրջանակներում։
Ներկայացնելով Իսլամական Հանրապետության սկզբունքային մոտեցումը միջազգային հանցագործությունների կատարողների անպատժելիության և անձեռնմխելիության դեմ պայքարի հարցում՝ Բաղերփուրը հղում է կատարել «Միջազգային հանցագործություններ» օրինագծին, որը մշակվել է ցեղասպանության, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ագրեսիայի հանցագործության դեմ պայքարի մասնագիտացված մեխանիզմ ստեղծելու նպատակով և ներկայումս գտնվում է օրենսդրության ընդունման ճանապարհին։ Նրա խոսքով՝ այս գործողությամբ Թեհրանը ցույց է տալիս, որ Արևմուտքի անօրինական գործողություններին դիմակայելուց բացի, քայլեր է ձեռնարկում նաև միջազգային քրեական արդարադատությունը ամրապնդելու ուղղությամբ։
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը շարունակելով իր ելույթը նշեց, որ միակողմանիության տարածումը և միջազգային համակարգում ռազմական հանցագործությունների նոռմալացումը համաշխարհային խաղաղությանը սպառնացող վտանգ է։
Նա ընդգծելով միջազգային քրեական դատարանի անկախության և քաղաքական ճնշումներին դեմ դիմադրողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը զգուշացրեց, որ այս պատմական հանգրվանում Դատարանի գործունեությունը վճռորոշ փորձություն կլինի ազգերի և ապագա սերունդների վստահության համար։