Արդյո՞ք Չինաստանը դառնում է գերիշխող դերակատար Միջին Ասիայում
Pars Today - Վերջին տարիներին Միջին Ասիան դարձել է համաշխարհային տերությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցության ամենակարևոր տարածքներից մեկը, և այդ ընթացքում Չինաստանն ամրապնդել է իր դիրքերը տարածաշրջանային հավասարումներում՝ հանգիստ, բայց կայուն մոտեցմամբ։
Մինչ Միացյալ Նահանգները, Բրիտանիան, Թուրքիան և Իսրայելը փորձում են նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, Պեկինը ընտրել է այլ ուղի՝ կենտրոնանալով ոչ կոշտ գործիքների վրա։
Վերջին տասնամյակի ընթացքում Չինաստանն ընդլայնել է իր ազդեցությունը Միջին Ասիայի հինգ երկրներում՝ հենվելով մեղմ ուժի վրա։ Կրթաթոշակների տրամադրումը, ակադեմիական փոխանակումները, ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը և տնտեսական ու անվտանգության համագործակցության զարգացումը այն գործիքներից են, որոնք Պեկինն օգտագործել է տարածաշրջանի էլիտաների և հասարակական կարծիքի վրա երկարաժամկետ ազդեցություն ունենալու համար։
Չինացի ուսանողների աճող ներկայությունը այնպիսի երկրներում, ինչպիսին է Ղազախստանը, և Միջին Ասիայի ուսանողների ներգրավումը Չինաստանի համալսարաններում վկայում են կրթության ոլորտում Պեկինի ռազմավարական հայացքի մասին։
Ըստ Pars Today-ի՝ Չինաստանի ազդեցությունը չի սահմանափակվում միայն կրթությամբ, և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում անվտանգության ոլորտում համագործակցությունը և խոշոր տնտեսական ներդրումները, մասնավորապես Ղազախստանում և Ուզբեկստանում, ամրապնդել են Չինաստանի դիրքը։
Չնայած որոշ սոցիալական մտահոգություններին, մասնավորապես Ղրղզստանում, ընդհանուր միտումը ցույց է տալիս, որ Չինաստանը աստիճանաբար դառնում է Միջին Ասիայի գերիշխող դերակատարնեից մեկը՝ համատեղելով տնտեսությունը, կրթությունը, անվտանգությունը և մշակութային դիվանագիտությունը։