Նախիջևանի Սահմանադրությունից հանվում են հղումները Մոսկվայի և Կարսի պայմանագրերին
https://parstoday.ir/hy/news/world-i242588-Նախիջևանի_Սահմանադրությունից_հանվում_են_հղումները_Մոսկվայի_և_Կարսի_պայմանագրերին
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության նախաբանը փոխվում է՝ հանվել են հղումները Մոսկվայի և Կարսի պայմանագրերին։
(last modified 2026-02-08T14:28:24+00:00 )
Փետրվար 08, 2026 17:58 Asia/Tehran
  • Նախիջևանի Սահմանադրությունից հանվում են հղումները Մոսկվայի և Կարսի պայմանագրերին

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության նախաբանը փոխվում է՝ հանվել են հղումները Մոսկվայի և Կարսի պայմանագրերին։

Այս փոփոխությունները ամփոփված են Ադրբեջանի Հանրապետության «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծում, որը 2-րդ ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է Ադրբեջանի միլի մեջլիսի նիստում, հայտնում է APA-ն:

Նախիջևանի գործող Սահմանադրության նախաբանում մինչ այժմ ասվում էր, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերն ամրագրված են 1921-ի մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով, որոնք մինչ օրս գործում են:

Սակայն փոփոխված տարբերակում նշված է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է։

Այժմ Սահմանադրության հիմքում Ադրբեջանի պետական անկախության վերականգնման վերաբերյալ 1991 թվականի օգոստոսի 30-ի հռչակագիրն է, ինչպես նաև 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտը և 1995 թվականի նոյեմբերի 12-ի հանրաքվեի արդյունքում ուժի մեջ մտած Ադրբեջանի Սահմանադրության դրույթները։

Կարսի պայմանագրի 5-րդ հոդվածու ասվում է․ «Թուրքիայի կառավարությունն ու Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները համաձայնվում են, որ Նախիջևանի շրջանը սույն պայմանագրի 3-րդ հավելվածով որոշված սահմաններում կազմավորում է որպես ինքնավար տարածք Ադրբեջանի խնամակալության ներքո»,- նշված է պայմանագրի 5-րդ հոդվածում:

Պայմանագրի համաձայն՝ Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը։