ՌԴ փոխարտգործնախարար. Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք
https://parstoday.ir/hy/news/world-i242854-ՌԴ_փոխարտգործնախարար._Արևմուտքը_Հայաստանն_օգտագործում_է_որպես_աշխարհաքաղաքական_պայքարի_գործիք
Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք Մոսկվայի հետ հակադրության մեջ. ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
(last modified 2026-02-15T10:01:43+00:00 )
Փետրվար 15, 2026 13:31 Asia/Tehran
  • ՌԴ փոխարտգործնախարար. Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք

Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք Մոսկվայի հետ հակադրության մեջ. ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում նշել է, որ Հայաստանի գիծը չի ենթադրում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Երևանն արագացնում է ռազմաքաղաքական ու տնտեսական մերձեցումն արևմտյան երկրների ու միավորումների հետ։ Մեր հայ գործընկերներին բազմիցս ասել ենք, որ Արևմուտքի համար (ինչն այնտեղ արդեն չեն թաքցնում) Հայաստանն աշխարհաքաղաքական պայքարի գործիք է Մոսկվայի հետ հակադրության մեջ», - ասել է նա։

Ըստ Գալուզինի, Երևանում գիտեն Մոսկվայի սկզբունքային գնահատականները ԵՄ-ին անդամակցելու և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության անհամատեղելիության մասին։ Նա ընդգծել է, որ այլ ինտեգրացիոն միավորման կարգավորումներին անցնելու դեպքում Երևանը չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի և կանոնների պահպանումը, ինչը հղի է համապատասխան հետևանքներով։

«Հույս ունենք, որ հանրապետությունում կառաջնորդվեն պրագմատիզմով. հայկական տնտեսության աճի բարձր տեմպերը, գնաճի ցածր մակարդակը, կայուն ազգային արժույթը, հայկական արտադրանքի սպառման ընդարձակ շուկան. այս ամենի գրավականը Ռուսաստանի հետ և ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունն է», - նշել է փոխնախարարը։

Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը, ինչպես և նախկինում, Երևանին համարում է Մոսկվայի բնական դաշնակիցը Հարավային Կովկասում։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների ռազմավարական կարգավիճակն ամրագրված է հարուստ իրավապայմանագրային հենքով։

«Մենք միշտ կողմ ենք եղել ուժեղ և իսկապես ինքնիշխան հայկական պետությանը։ Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցությունն այլընտրանք չունի։ Մեր երկրների ու ժողովուրդների միջև ամուր կապերը մեծապես ձևավորում են հանրապետության և ընդհանուր տարածաշրջանի կայուն զարգացման հիմքը։ Երկկողմ համագործակցությունը, համակարգված աշխատանքն ընդհանուր եվրասիական կառույցների շրջանակում Հայաստանի ապագա բարգավաճման գրավականն են», - ասել է Գալուզինը։