Ամերիկյան կարգը փլուզվո՞ւմ է
Համաշխարհային անկայունության մեջ ԱՄՆ-ի դերի և Դոնալդ Թրամփի կառավարման ոճի մասին Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի կոշտ հայտարարությունները կրկին ուշադրությունը սևեռել են ամերիկյան կարգի անկման վրա։ Այս դիսկուրսը դուրս է գալիս կուսակցական մրցակցության շրջանակից և կապված է Միացյալ Նահանգների միջազգային հեղինակության ապագայի հետ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Նյուսոմը քննադատել է Թրամփի կառավարման շրջանում իշխանության անհատականացումը, ավանդական որոշումների կայացման ինստիտուտներից հրաժարվելը և դիվանագիտական ու անվտանգության մեխանիզմների թուլացումը համարել է ինստիտուտների վրա հիմնված ժողովրդավարությունից անձնական առաջնորդության անցնելու նշան. միտում, որը, վերլուծաբանների կարծիքով, ուղեկցվում է ներքին անկայունության աճով և հանրային վստահության անկմամբ։
Արտաքին քաղաքականության ոլորտում բազմակողմանիությունից ԱՄՆ-ի հեռանալը, դաշինքների թուլացումը և որոշ միջազգային համաձայնագրերի չեղարկումը հանգեցրել են դաշնակիցների շրջանում կասկածամտության աճի և համարձակություն տվել Վաշինգտոնի մրցակիցներին։ Դիտորդների կարծիքով, ԱՄն-ի գերիշխանությունն ավելի շատ վնասվել է վստահության քայքայման, քան ռազմական ոլորտում թուլացման պատճառով։
Երկրի ներսում խորացող ռասայական, դասակարգային և մշակութային բաժանումները, ինչպես նաև ընտրությունների և լրատվամիջոցների նկատմամբ աճող անվստահությունը խորապես բևեռացրել են ամերիկյան հասարակությունը։ Միևնույն ժամանակ, սակագնային քաղաքականությունը և առևտրային պատերազմները նույնպես ազդել են համաշխարհային տնտեսական կանոնների կայունության վրա և մարտահրավեր են նետել ամերիկյան տնտեսական առաջնորդության օրինականությանը։
Մասնագետները կարծում են, որ աշխարհը շարժվում է դեպի բազմաբևեռ համակարգ։ Իրավիճակ, որտեղ ոչ մի ուժ չունի լիարժեք առաջնորդելու ուժ և իրավունք։ Նման իրավիճակում ԱՄՆ-ի ներքին համախմբվածությունը և միջազգային վստահությունը վերականգնելու կարողությունը կորոշի այս համաշխարհային տերության ապագա ընթացքը։