ԱՄՆ-ն երկստանդարտ քաղաքականություն է վարում ուրանի հարստացման հարցում
-
ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթ
ԱՄՆ էներգետիկայի նախարարը հայտնել է այդ երկրում ուրանի հարստացման ծրագրի վերսկսման մասին, որոշում, որն Իրանում այս գործունեությունը ամբողջությամբ դադարեցնելու Վաշինգտոնի ճնշումները շարունակվելու հետ միաժամանակ ևս մեկ անգամ ընդգծեց միջուկային սպառազինության չտարածման հարցում ԱՄՆ-ի երկստանդարտ մոտեցումը։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը երեքշաբթի՝ փետրվարի 17-ին, Փարիզում կայացած համաժողովում հայտարարել է, որ Վաշինգտոնը կվերսկսի ուրանի հարստացման ծրագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդել միջուկային վառելիքի ցիկլի ներքին հզորությունը։ Նա հավելել է, որ ծրագիրը կընթանա որոշ գործընկերների, այդ թվում՝ Ֆրանսիայի համագործակցությամբ։
Նույն համատեքստում, անցյալ ամիս ֆրանսիական Orano ընկերությունը ԱՄՆ էներգետիկայի նախարարությունից ստացել է 900 միլիոն դոլար՝ Թենեսի նահանգում ուրանի հարստացման կայանի կառուցմանը մասնակցելու համար։ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ այս քայլի նպատակն է նվազեցնել կախվածությունը օտարերկրյա միջուկային վառելիքի մատակարարներից, մասնավորապես՝ Ռուսաստանից։
Որոշումը կայացվել է այն դեպքում, երբ ԱՄՆ-ի կառավարությունը միջուկային բանակցություններում պահանջում է ամբողջությամբ դադարեցնել ուրանի հարստացումն Իրանում և նույնիսկ առաջարկել է բարձր հարստացված ուրանի պաշարները փոխանցել երրորդ երկիր։ Վաշինգտոնը արդարացնում է այս դիրքորոշումը՝ վկայակոչելով միջուկային սպառազինության տարածման հետ կապված մտահոգությունները։
Իսկ իրանցի պաշտոնյաները ընդգծել են, որ «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի համաձայն՝ խաղաղ նպատակներով ուրանի հարստացման իրավունքը բոլոր անդամների համար անհերքելի իրավունք է: Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին նույնպես Ժնևում ունեցած իր ելույթում հստակեցրել է, որ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքը քննարկման ենթակա չէ։
Վերլուծաբանները համոզված են, որ ԱՄՆ-ում ուրանի հարստացման ծրագրի ընդլայնման և Իրանում «զրոյական հարստացմանն» ուղղված ճնշման միաժամանակությունը նոր մարտահրավերների առջև է կանգնեցրել միջուկային անուղղակիբանակցությունները և խորացրել անվստահության մթնոլորտը։