Իրան. Հորմուզի նեղուցում ԱՄՆ արկածախնդրությունն աղետալի հետևանքներ կունենա
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչը, կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում, երկու իրանական նավթատար նավերի և Հորմուզի նեղուցի ափամերձ տարածքների դեմ ԱՄՆ ռազմական գործողությունները որակել է որպես հրադադարի հստակ խախտում և զգուշացրել է այդ գործողությունների շարունակության «աղետալի» հետևանքների մասին։
Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Ամիր Սաիդ Իրավանին ուրբաթ օրը հայտարարել է, որ 2026 թվականի մայիսի 7-ի ուշ ժամերին Ջասկ նավահանգստի և Հորմուզի նեղուցի մոտ գտնվող երկու իրանական նավթատար նավերի, ինչպես նաև մի քանի ափամերձ շրջանների վրա ԱՄՆ զինված ուժերի հարձակումները ագրեսիայի և սադրանքի ակտ էին։
Նա նշել է․ «Այս գործողությունները, որոնք հաստատել է նաև ԱՄՆ նախագահը, 2026 թվականի ապրիլի 8-ի հրադադարի և ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում են»։
Իրավանին ԱՄՆ-ին մեղադրել է «ծովային շրջափակումը» շարունակելու, իրանական առևտրային նավերի վրա հարձակվելու, նավերն անօրինական կերպով գրավելու և դրանց անձնակազմին պատանդ վերցնելու մեջ։
Ընդգծելով Իրանի ինքնապաշտպանության իրավունքը՝ ՄԱԿ-ում Իրանի դեսպանը կոչ է արել գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին միանշանակ դատապարտել ԱՄՆ գործողությունները և պարտավորեցնել Վաշինգտոնին պահպանել իր միջազգային պարտավորությունները և զերծ մնալ հետագա սադրիչ գործողություններից։