Մամուլի տեսություն 03-07-2016
Էրդողանը մտադիր է արգելել Բեմերմանի սկանդալային բանաստեղծությունը:
News.am
Der Spiegel.
Էրդողանը մտադիր է արգելել Բեմերմանի սկանդալային բանաստեղծությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ամբողջությամբ արգելել բանաստեղծության մեջբերումը, որը գերմանական հեռուստաընկերության ուղիղ եթերում կարդացել էր երգիծաբան Յան Բեմերմանը, հաղորդում է Der Spiegel-ը:
Գերմանիայում Էրդողանի շահերը ներկայացնող փաստաբան Միխայել Հուբերտուս ֆոն Շպրենգերը համապատասխան հայց է ներկայացրել Համբուրգի դատարան:
Մայիսին Համբուրգի դատարանն արգելել էր Բեմերմանին մեջբերումներ անել այդ սկանդալային բանաստեղծությունից: Միաժամանակ, այն ժամանակ դատավորները նշել էին, որ ընդհանուր առմամբ խոսքը երգիծանքի մասին է, թեեւ որոշ հատվածներ համարվում են հայցվորի անձն ու արժանապատվությունը վիրավորող:
Ներկայումս Մայնցում է գտնվում Բեմերմանի դեմ մեկ այլ հայց՝ օտար պետության առաջնորդին վիրավորելու հարցով:
Երգիծաբանը մարտի 31-ին Neo Magazin Royale հաղորդման ժամանակ Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորական բանաստեղծություն էր ընթերցել: Արդյունքում Գերմանիայի ԱԳՆ-ն բանավոր նոտա էր ստացել Անկարայից, որտեղ Թուրքիան կոչ էր անում իրավական միջոցառումներ ձեռնարկել հաղորդավարի նկատմամբ: Ապրիլի 15-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել բավարարել հարցումը եւ չխոչընդոտել երգիծաբանի նկատմամբ քրեական գործի հարուցմանը:
---
«Շարղ»
Ջերեմի Կորբինը չի պատրաստվում լքել Լեյբորիստական կուսակցության նախագահի պաշտոնը
«Շարղ» թերթը գրում է.«Այն դեպքում,երբ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության մի խումբ անդամներ փորձում են կուսակցության առաջնորդ՝ Ջերեմի Կորբինին համոզել հրաժարական տալ, վերջինս կարծում է,որ ինքը ընտրվել է ժողովրդի կողմից և մնալու է իր պաշտոնում: Լեյբորիստների նախարարների ստվերային կաբինետի մի խումբ անդամներ ծրագրեր են մշակում Ջերեմի Կորբինին համոզել,որ հրաժարական ներկայացնի: Լեյբորիստների այդ խումբը խորհրդարանում փորձում է Կորբինի ու նրա ընդդիմադիրների միջև չափավոր դիրքորոշման հասնել ու Կորբինի նկատի առած որոշ առանցքային քաղաքականությունների պահպանման խոստումով, նրան հորդորել ,որ հրաժարական տա: BBC հեռուստաընկերության քաղաքական հարցերի փորձագետ՝ Նիք Վաթն ասում է.« Լեյբորիստների այդ խումբը պատրաստվում է այնպիսի նախագիծ մշակել ,որը Ջերեմի Կորբինին հնարավորություն կտա արժանապատվորեն հեռանալ իր պաշտոնից:
Անցած շաբաթ Լեյբորիստների նախարարների ստվերային կաբինետի 10 անդամներ միանգամից լքել են պաշտոնները վերջին օրերին ընդդիմադիր կուսակցությունում բռնկված ճգնաժամի հետևանքով:
Լեյբորիստների դժգոհությունն առաջացնում է իրենց գործող նախագահ Ջերեմի Կորբինի, իրենց կարծիքով, թույլ քարոզարշավը ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեից առաջ: Կորբինը քարոզչություն էր տանում ԵՄ կազմում երկրի անդամակցությունը շարունակելու օգտին:
Լեյբորիստների զգալի մասի մյուս դժգոհության պատճառն այն է, որ կուսակցության ժողովրդականությունն ընտրողների շրջանում վերջին ամիսներին կայուն կերպով նվազում է: Շատերը դա ուղղակիորեն կապում են Կորբինի անձի հետ, որը նախագահ է ընտրվել անցած տարվա սեպտեմբերին:
Խորհրդարանում լեյբորիստների մեծամասնությունը Կորբինին անվստահության քվե է հայտնել: Կորբինն ասել է,որ ինքը չի դավաճանի կուսակցության անդամներին,ովքեր ընտրել են իրեն ու չի հեռանա իր պաշտոնից: Կորբինը Բրիտանիայի նախկին վարչապետ՝ Թոնի Բլերի համառ ընդդիմադիրներից է համարվում: Լեյբորիստների այն խումբը ,որ Կորբինի հրաժարականն է պահանջում, խոստանում է շարունակել Ջերեմի Կորբինի նկատի առած քաղաքականությունները, ինչպես անհավասարության դեմ պայքարը և Լեյբորիստական կուսակցության ժողովրդավարական դարձնելը:
---
Galatv.am
The Washington Post
Ինչպես կարող է Brexit-ը կանխել նոր սառը պատերազմը
«Brexit-ի հանրաքվեի արդյունքները պետք է ստիպեն ԵՄ-ին ու ԱՄՆ-ին հիմնովին վերանայել կոշտ տնտեսման միջոցառումները` տեխնոկրատների իշխանության սկզբունքը, ինչպես նաեւ միգրացիոն, տնտեսական եւ արտաքին քաղաքականությունը»,- The Washington Post-ում գրում է Կատրինա Վանդեն Հուվելը:
«ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ միասին պետք է միանար այս վերանայմանը՝ մասնավորապես կենտրոնանալով Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմի վտանգի վրա: Ռուս-ամերիկյան հարաբերությունները վտանգավոր աստիճանի վատացել են: Արեւմտյան ԶԼՄ-ներում եւ իշխող շրջանակներում գերիշխում է այն տեսակետը, որ միակ ագրեսորը Ռուսաստանն է, եւ հաշվի չի առնվում ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամների դերն Ուկրաինայում ճգնաժամի եւ հարաբերությունների վատթարացման մեջ»,- գրում է հեղինակը:
«ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեցին, հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայեցին Լեհաստանում եւ Ռումինիայում, ավելացվեցին ցամաքային, օդային եւ ծովային ուժերն, ընդլայնվեցին ռազմական զորավարժությունները Ռուսաստանի սահմանների մոտ: Զարմանալի չէ, որ Ռուսաստանն ի պատասխան ամրապնդեց իր ուժերն արեւմտյան սահմաններում, այդ թվում, ավելացրեց հրթիռների քանակը, որոնք ի վիճակի են կրել միջուկային զենք»,- նշվում է «Հիլարի Քլինթոնի եւ մյուսների կոչերը՝ սրել Սիրիայում իրավիճակը կամ ստեղծել «ոչ թռիչքային գոտի», կարող են հանգեցնել Ռուսաստանի հետ ուղղակի առճակատման: Քվեարկությունը Brexit-ի օգտին հավանաբար կնպաստի այս ընթացքի հիմնարար վերանայմանը»,- կարծում է հեղինակը: Նրա կարծիքով, ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն ունեն ծանրակշիռ պատճառներ Ռուսաստանի հետ համագործակցելու համար․«Իսլամական պետության» դեմ պայքարը, Սիրիայում խաղաղության բանակցությունների աջակցումը, միջուկային զենքի տարածման դեմ պայքարը եւ միջուկային զինաթափման խթանումը:
Ընթացքի լուրջ վերանայման դեպքում հնարավոր է կրկին քննարկվի Ռուսաստանի սահմանի մոտ «խաղաղության գոտու» գաղափարը: «Սկզբի համար ԵՄ-ն կարող էր ճնշում գործադրել՝ պահանջելով Մինսկի համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաեւ ուսումնասիրել չմիավորված Ուկրաինայի ավելի լայն համաձայնության հնարավորությունը, որը կհայտնվեր Եվրամիության ներսում, սակայն չէր կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին: Կարելի է նաեւ ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ բանակցությունների միջոցով՝ Սիրիայում պատերազմի դադարեցման նպատակով: Ընթացքի վերանայման հիմք կարող էր դառնալ այն փաստի անխուսափելի ճանաչումը, որ այլ հզոր երկրներ ունեն անվտանգության գոտիներ, իսկ ոչ ՆԱՏՕ-ն, ոչ էլ ԱՄՆ-ն չունեն ոչ արտոնություններ, ոչ էլ համաշխարհային ոստիկանի դերի ռեսուրսներ»,- գրում է հոդվածի հեղինակը:
Աղբյուր` The Washington Post
Թարգմ.` Տիգրան Գասաբյան
----