Մամուլի տեսություն 04-07-2016
https://parstoday.ir/hy/news/world-i24616-Մամուլի_տեսություն_04_07_2016
Կանաչ մայրցամաքն ավելի է աղքատացել
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2016 11:16 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  04-07-2016

Կանաչ մայրցամաքն ավելի է աղքատացել

«Ղոդս»

Կանաչ մայրցամաքն ավելի է աղքատացել

               

«Ղոդս» օրաթերթը գրում է.-«Եվրամիության վիճակագրական վարչությունը հայտարարել է , որ միությանը երբեք չի հաջողվել ժամանակացույցի համաձայն , իջեցնել աղքատության մակարդակը : Տվյալների համաձայն , 2010 թ.-ին շուրջ 118 միլիոն աղքատ մարդ էր ապրում Եվրոպայում  : Ծրագրերի գործադրման դեպքում , կանխատեսվում էր , որ այդ թիվն իջնելու է մինչև հարյուր միլիոնի , մինչդեռ այսօր աղքատների թիվը հասել է 122 միլիոնի» :

Աղքատ երկրների առաջատարներն են Հունաստանը և Իսպանիան : Հիշյալ երկրներում աղքատությունն իշխող համակարգի ստեղծած ֆինանսական ճգնաժամի հետևանքն է : Կանխատեսումների համաձայն , Եվրամիության կազմից դուրս գալուց հետո , Բրիտանիայում ևս ավելանալու է աղքատների թիվը :

Եվրամիության անդամ երկրների չափանիշներով , երկրի միջին աշխատավարձի 60 տոկոսից ավելի քիչ գումարով ապրող երկրները համարվում են աղքատ :

 

 «Իրան»

 

Ջոն Քերի .«Սաուդացիներն աջակցում են միջուկային համաձայնությանը»

 

ԱՄՆ Պետքարտուղարն ասել է .-«Սաուդացիները բազմիցս հայտարարել են , որ կողմ են Իրանի հետ կայացած միջուկային համաձայնությանը» :

«Իրան» օրաթերթը գրում է.-«Ի պատասխան այն հարցին , թե հաշվի առնելով Բարաք Օբամայի նախագահության ժամանակաշրջանի ավարտին մոտենալու փաստը , արդյոք բավարար ժամանակ կա՞ տարածաշրջանի , այդ թվում Սիրիայի ճգնաժամը , նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև տարաձայնությունները կարգավորելու համար , Ջոն Քերին ասել է , որ մնացած ժամանակը բավարար կլինի չլուծված հարցերը կարգավորելու համար» : Քերին նաև հույս  է հայտնել , որ այս ընթացքում առաջընթացն ակնառու է լինելու: ԱՄՆ Պետքարտուղարի խոսքերով , համենայնդեպս , իր երկիրն արել է հնարավորինը՝ խաղաղ լուծում գտնելու  տարաձայնությունների համար:

 

 

galatv.am

«Էմբարգոն մեզ խեղդում է».  իտալացի ֆերմերները դուրս են եկել փողոցներ

 

«Վերոնայում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ: Ռուսաստանյան տնտեսական էմբարգոյի հետեւանքով նրանք տարեկան կորցնում են շուրջ 600 մլն եվրո»,- գրում է La Stampa-ի լրագրող Ֆաբիո Պոլետտին:

«Իտալական գյուղատնտեսական խոշորագույն ասոցիացիաների կոչով շուրջ 10.000 ֆերմերներ են դուրս եկել ցույցի, որպեսզի պայքարեն ընդդեմ Ռուսաստանի կիրառվող պատժամիջոցների դեմ: Դրանք ավելի շուտ կվնասեն իտալական գյուղատնտեսական ոլորտը, քան կստիպեն խոնարհվել Վլադիմիր Պուտինին: «Պուտին, արի հաշտվենք»-գրված է ցուցարարների պարզած պաստառներին»:

«Գյուղատնտեսության նախարար Մաուրիցիո Մարտինան փորձում է արդարանալ. «Չափազանցնելու կարիք չկա: Խոսքը գնում է միջազգային հարաբերությունների մասին, եւ մենք չենք կարող Եվրոպայի այդ ընտրությունը կասկածի տակ դնել»,-նշել է նախարարը:

Իտալացի ֆերմերները հայտարարում են, որ իրենց մթերքները պետք է վերադառնան Ռուսաստանի խանութներ, որոնք այժմ հեղեղված են կեղծված ապրանքներով: Վերոնայի քաղաքապետ Ֆլավիո Տոսին մեղադրում է Եվրամիությանը: «Եվրոպայում ողջամտությունն ընդհանրապես բացակայում է: Ազգային շահերն ամեն ինչից վեր պետք է դասել»,-հայտարարել է քաղաքապետը:

«Ֆերմերները փնտրում են այլ շուկաներ, սակայն վնասները փոխհատուցել չի ստացվում: Ռուսաստանն, օրինակ, միայն Գրանա Պադանո ընկերությունից գնում էր տարեկան 50.000 գլուխ պանիր: Էմբարգոյից հետո ընկերության կրած վնասը կազմել է շուրջ 1,5 մլն եվրո»:

«Գյուղմթերք արտադրողները գտնում են, որ Ռուսաստանի հետ կապված իրավիճակը դեռ սկիզբն է: Brexit-ից հետո Բրիտանիան եւս բարձր մաքսատուրքեր կսահմանի, ինչն աղետալի հետեւանքներ կունենա Իտալիայի համար: Դա մահացու հարված կլինի»,-եզրափակում է La Stampa-ի հոդվածագիրը:

 

Աղբյուր՝ La Stampa

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

 

 

 

hayeli.am

Ի՞նչ է քննարկում Մոսկվան Ալիևի հետ

 

Լավրովը կրկին դատարկաձեռն չի այցելի Երևան

Այսօր Երևանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս հայտնեց, որ նախարարները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրների գնահատման հարցերը, փոխգործակցությունը միջազգային հարթակում:

Մոսկվան ակնկալում է, որ երևանյան հանդիպումը կարևոր ներդրում կլինի բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման հարցում:

Լավրովն, այնուհետև, կժամանի Բաքու: Այս տեղեկությունն էլ հայտել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը`ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Ավելին, ըստ պաշտոնական Բաքվի` Լավրովի այցից է կախված լինելու, թե արդյոք տեղի կունենա՞ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով նախագահների հերթական հանդիպում, թե՞ ոչ:

Ինչպես հայտնի է, Սարգսյան-Ալիև հանդիպում ցանկանում է կազմակերպել նաև Ֆրանսիան, բայց հիմա, փաստորեն, Բաքուն, նման այս հանդիպման կազմակերպումն ուղղակիորեն կապում է Լավրովի այցի հետ:

Ի՞նչ է Լավրովը քննարկելու Երևանում, ապա Բաքվում, կամ` ինչի շուրջ է փորձելու համաձայնություն ստանալ Երևանից, որը հետո Բաքուն կարող է դրական համարել ու, ըստ այդմ, էլ համաձայնություն տալ նախագահների մակարդակով ևս մեկ հանդիպման կազմակերպման համար:

Հավանաբար, Լավրովը կրկին դատարկաձեռն չի այցելելու Երևան: Իսկ այն ինչ բերելու է Լավրովը Երևան, դրա առկայության մասին, թերևս, տեղյակ է Բաքուն:

Ռուսաստանն, այսպիսով, ակտիվորեն ներգրավել է ԼՂ կարգավորման գործընթացում: Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և նրան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարի, մանրամասներ հաղորդել Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի հետ ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները հույս են հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ ձեռք բերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացին: Նրանք պայմանավորվել են Մինսկի խմբի շրջանակներում շարունակել համատեղ ակտիվ աշխատանքը «այդ կարևոր ուղղությամբ»:

Թամար Բագրատունի