ԱՄՆ–Իրան համաձայնագրից հետո ԹՐԻՓՓ–ի հեռանկարը մշուշոտ կդառնա. Կարեն Խանլարյան
Միշտ երկու խանգարող հանգամանք կա, մեկը ԱՄՆ-ի առավելապաշտական պահանջներն են ու ես չգիտեմ, թե որքանով նախագահ Թրամփը կշարունակի այդ առավելապաշտական իր մարտավարությունը. Երկրորդը Իսրայելի գործոնն է, որը մշտապես փորձել է խանգարել խաղաղության գործընթացին, ոչ միայն Իրան-ԱՄՆ, այլ ընդհանրապես տարածաշրջանում խաղաղության և կայունության գաղափարին։
Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանը՝ անդրադառնալով Իրան–ԱՄՆ համաձայնագրին։
«Իսրայելը կարծում եմ՝ բավականին մեծ ռազմավարական նկրտումներ ունի Լիբանանի հետ կապված։ Ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի այս քաղաքականությունը՝ ջրային հարցերից մինչև աշխարհագրական ընդլայնում։
Հիմա մի քիչ փխրուն է երևում այս համաձայնագիրը, որը ավելի շուտ փոխըմբռնման ակտ է միմյանց հետ բանակցելու վերաբերյալ։ Ամեն դեպքում, ողջունելի է երևույթը, եթե, իհարկե, պահպանվի այս համաձայնության ոգին»,–ասաց նա։
Անդրադառնալով ԱՄՆ–ի կողմից ներկայացվող պահանջին, որ Իրանը պետք է հրաժարվի իր միջուկային ծրագրից, Խանլարյանը նկատեց. «Այստեղ մի պարզ ճշմարտություն կա, որը դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ հաշվի չի առնվում։ Դա այն է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ ծրագիր է՝ էներգետիկ նպատակներով։ Այս ծրագիրը շահի ժամանակներից սկսած Իրանում մշակվել է։ Իսկ միջուկային զենքի խնդիրը մի նարատիվ է, որը հատկապես Նեթանյահուն է արծարծում դեռ 20 տարի առաջվանից։
Եթե հետևեք Նեթանյահույի արտահայտություններին, նա միշտ ասել է՝ հեսա մյուս շաբաթ կամ 2 ամսից Իրանը կկարողանա միջուկային զենք ստեղծել։ Անընդհատ այդ շանտաժի տակ է դրել միջազգային հանրությանը։ Հիմա ինչքան ավելի են ընդարձակվում Իրան–ԱՄՆ բանակցությունները, ԱՄՆ–ն ավելի է համոզվում, որ Իրանը ատոմային զենք տիրանալու նպատակ չի հետապնդում։ Իրանում ուրանի հարստացման չափերը շատ հեռու են դեռ ատոմային զենք արտադրելուց։
Բացի այդ, Իրանում քիմիական զենքի և միջուկային զենքի արտադրությունն արգելող ֆատվաներ կան, որոնք հեղինակել են հոգևոր առաջնորդները տարբեր ժամանակներում։
Իսլամական Հանրապետության մեջ կրոնապետի ֆատվան բավականին լուրջ հիմնարար նշանակություն ունի, չեն կարող ենթակա մարմինները շեղվել այդ ֆատվաներից կամ պետական հիմնարար սկզբունքներից։
Հիմա ինչքան բանակցային գործընթացը խորանում է, ամերիկացիք համոզվում են, որ Իրանը միջուկային զենքի նպատակ չի հետապնդում, ու սա մտահոգում է Նեթանյաուհին, քանի որ Իրանին հրեշ ներկայացնելու իր նարատիվը սկսում է մարել»,–ասաց նա։
Իրանի խորհրդարանի նախկին պատգամավորի խոսքով, այժմ էլ Իսրայելը փորձում է խանգարել բանակցությունները, մինչդեռ ԱՄՆ–ն՝ լինելով ավելի պրագմատիկ պետություն, փորձում է գետնի վրա տեսնել, թե ինչ սպառնալիքներ կան որպես այդպիսին. «Ու ինչքան բանակցությունները խորանում են, այնքան ավելի է պարզվում, որ Իրանի ատոմային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում և ԱՄՆ–ի մտածում է, որ կարելի է ճանաչել խաղաղ ատոմի Իրանի իրավունքը։
Այլ բան է, որ այդ իրավունքը ճանաչելուց հետո Իրանը որքան ժամանակից հետո կսկսի շարունակել իր խաղաղ ատոմային ծրագիրը, կամ հիմա պաուզա կտա, թե չի տա։
Այստեղ մնում են բալիստիկ հրթիռների և պրոքսի ուժերի խնդիրները, և առաջիկա 60 օրից հետո սկսվող բանակցությունների մեջ այս հարցերում էլ, կարծում եմ՝ պարզաբանումներ կմտնեն։ Ընդհանրապես տրամադրվածությունը դրական է, եթե առավելապաշտական նկրտումները մեջտեղ չհանվեն և Իսրայելի խանգարիչ դերը չակտիվանա»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է տեսակետին, որ ԱՄՆ–Իրան համաձայնագրից հետո ԹՐԻՓՓ նախագծի հեռանկարը մշուշոտ է դառնում, Խանլարյանն ասաց. «Կարծում եմ մշուշոտ կդառնա։ Հիմա էլ է մշուշոտ, անորոշ վիճակում է ԹՐԻՓՓ–ը։ Ապագայում էլ եթե այս բանակցային գործընթացները ավելի խորանան և ավելի զարգանան, ես կարծում եմ՝ Թրիփի հարցը ամեն դեպքում կազդվի այս բանակցություններից։
Ես Թրիփի ծրագիրը համարում եմ լուրջ խոչընդոտ Իրան-Հայաստան փոխհարաբերությունների հարցում՝ անկախ ԱՄՆ–Իրան բանակցությունների ելքից։ Թրիփի գոյությունն ինքը կարող է հարցականի տակ դնել կամ ինչ-որ վնասներ հասցնել Իրան-Հայաստան հարաբերություններին։ Հուսան այդտեղ չի հասնի, և երկու հարևան երկրները փորձեն ռազմավարական դաշնակցային գործընկերության որոշ հիմքեր ստեղծել»։