«Հյուսիս-հարավ» նախագծի նշանակությունն ավելի է մեծանում․ ՌԴ ԱԳՆ
Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված անկայուն իրավիճակի ֆոնին «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը է՛լ ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում ինչպես երկկողմ առևտրի ապահովման տեսանկյունից, այնպես էլ դեպի Իրան ապրանքների կայուն մատակարարում ապահովելու առումով։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ ՄՏՄ-ի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Իրանի հարևան մյուս պետությունները։
Զախարովան անդրադարձել է նաև «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կարևորագույն հատվածի՝ Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարությանը։ Նա նշել է, որ ապագա երթուղու հատվածում ինժեներական հետախուզական աշխատանքներն անմիջապես վերսկսվել են, հենց որ թույլ է տվել ռազմաքաղաքական իրադրությունը։
«Երկաթուղային գծի շինարարության նախագծի ֆինանսավորման վարկային գիծը չի սառեցվել։ Մոսկվան ակնկալում է գործադիր պայմանագրի ստորագրում և մի շարք տեխնիկական հարցերի լուծում՝ գործնական աշխատանքները հնարավորինս շուտ սկսելու համար։ Մենք արձանագրում ենք իրանցի գործընկերների աճող հետաքրքրությունը «Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ի նկատմամբ»,- հայտարարել է նա։
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանում ռազմական գործողությունները փոփոխություններ են մտցրել Իրանի և Ռուսաստանի միջև առանցքային ենթակառուցվածքային նախագծերից մեկի՝ Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության իրականացման մեջ։ Այս հատվածը համարվում է «Հյուսիս-հարավ» միջանցքի «բացակայող օղակը», որը երկաթուղային, ավտոմոբիլային և ծովային երթուղիների ցանցի միջոցով կապում է Իրանն ու Ռուսաստանը։ Դրա գործարկումը պետք է էապես բարձրացնի փոխադրումների արդյունավետությունը և կրճատի բեռների առաքման ժամկետները։
Հիշեցնենք` «Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ի ստեղծման մասին միջազգային համաձայնագիրը ստորագրվեց 2000թ. սեպտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում: Նախագծով նախատեսվում է մոտ 7,2 հազար կիլոմետր երկարությամբ տրանսպորտային երթուղի ստեղծել, որը պետք է Իրանի և Ռուսաստանի միջոցով Բալթյան տարածաշրջանը կապի Հնդկաստանի հետ: Միջանցքի թողունակությունը գնահատվում է տարեկան 20-30 մլն տոննա բեռ։
Հայաստանը «Հյուսիս-հարավ» ՄՏՄ համաձայնագրին միացավ 2004 թվականին և երթուղուն կարող է ինտեգրվել համանուն ավտոմայրուղու կառուցման միջոցով։ Ենթադրվում է, որ Հնդկաստանից ապրանքները կհասնեն Իրան, այնուհետև՝ Հայաստան, իսկ այնտեղից դեպի Ռուսաստան կուղևորվեն նավահանգիստներով կամ «Վերին Լարս» անցակետով։
Այս նախագծին մասնակցելը Հայաստանի համար նաև համագործակցության հնարավորություններ է բացում համաձայնագրի մյուս երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի, Օմանի, Ղազախստանի, Բելառուսի և այլ պետությունների հետ՝ ենթակառուցվածքների զարգացման, միջազգային փոխադրումների և սահմանային ընթացակարգերի պարզեցման ոլորտներում: