Իրանն ակտիվացնում է առևտրի այլընտրանքային ուղիները․ Հորմուզի նեղուցից կախվածության նվազեցում
Աշխարհաքաղաքական լարվածության աճի և ծովային երթուղիների սահմանափակման վերաբերյալ տարբեր իրավիճակների հավանականության ֆոնին Իրանի այլընտրանքային առևտրային միջանցքների նշանակությունն առավել մեծ ուշադրության է արժանանում։
Իրանի Առևտրի պալատի Արտահանման հանձնաժողովի փոխնախագահը կարծում է, որ երկիրը, օգտագործելով հյուսիսային նավահանգիստների և ցամաքային սահմանների հնարավորությունները, ի վիճակի է կառավարել իր արտաքին առևտրի զգալի մասը։
Ինչպես հայտնում է Pars Today-ը, Սադրեդդին Նիավարանին Eghtesad News-ին տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ-ը սխալ է գնահատել հարավային նավահանգիստներից Իրանի կախվածության աստիճանը։ Նրա խոսքով՝ ծովային փոխադրումների և նավերի ապահովագրության ծախսերի աճը ավելի հիմնավորված է դարձրել հյուսիսային, արևելյան և արևմտյան երթուղիների օգտագործումը։ Նա հավելել է, որ Ղազախստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Պակիստանի և Թուրքիայի սահմանները կարող են ապահովել երկրի ներմուծման կարիքների զգալի մասը։
Նիավարանին ընդգծել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և տարածաշրջանային միջանցքների ամրապնդման շնորհիվ հնարավոր է ներմուծման հիմնական մասն իրականացնել այլընտրանքային ուղիներով, և այդ ներուժը կարող է բարձրացնել Իրանի առևտրային դիմակայունությունը արտաքին ճնշումների պայմաններում։