Բաղայի․ ԱՄՆ պատժամիջոցները սպառնալիք են պետությունների ինքնիշխանությանը
Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները՝ դրանք բնութագրելով որպես Վաշինգտոնի կողմից անկախ պետություններին իր գերիշխանությունը պարտադրելու փորձ, որը դուրս է գալիս Իրանի դեմ տնտեսական պատերազմի շրջանակներից։ Նա նախազգուշացրել է այդ քաղաքականության վտանգավոր հետևանքների մասին։
Ինչպես հայտնում է Pars Today-ը, Բաղային նշել է, որ ԱՄՆ-ը երկրորդական պատժամիջոցների կիրառմամբ և օտարերկրյա բանկերին, ընկերություններին ու օդանավակայաններին սպառնալով՝ փորձում է անկախ պետություններին ստիպել ենթարկվել իր կամքին։ Նրա խոսքով՝ նման գործողությունները միջազգային իրավունքում որևէ հիմք չունեն և խախտում են պետությունների ինքնիշխանության և հավասարության սկզբունքը։
Բաղային հայտարարել է, որ անկախ պետությանն իր օրինական քաղաքականությունը փոխելուն հարկադրելու նպատակով տնտեսական ահաբեկումը միջազգային իրավունքի խախտում է։ Նրա խոսքով՝ երբ այդ քաղաքականությունը զուգորդվում է ծովային շրջափակմամբ, դրա ագրեսիվ բնույթն առավել ակնհայտ է դառնում։
Նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ճնշմանը ենթարկվելը նշանակում է օտարերկրյա իշխանության գերակայության ընդունում այլ երկրների օրինական տնտեսական գործունեության նկատմամբ։ Բաղայիի գնահատմամբ՝ նման մոտեցումը կարող է հանգեցնել ազգային ինքնիշխանության աստիճանական քայքայման և, ի վերջո, «բացահայտ ու ամբողջական գաղութատիրության» աղետալի վերադարձի։