Հնդկաստանը «Ակաշ» հակաօդային պաշտպանության համակարգն առաջարկում է Կենտրոնական Ասիայի շուկաներում
Հնդկաստանը «Ակաշ» հակաօդային պաշտպանության համակարգը, որի առաջին գնորդը Հայաստանն էր, առաջարկում է նաև Կենտրոնական Ասիայի շուկաներում։
Pars Today-ը, IRNA-ին հղում անելով, հայտնում է, որ Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության նախկին ղեկավար Սամիր Կամաթը հայտարարել է, որ երկիրը «Ակաշ» համակարգն արտահանել է նաև Տաջիկստան և Թուրքմենստան։ Սա համարվում է Հնդկաստանի պաշտպանական արտադրանքի առաջին մուտքը Կենտրոնական Ասիայի շուկա։
«Ակաշ»-ի արտահանումը Տաջիկստան և Թուրքմենստան ընդլայնվում է այն պայմաններում, երբ այս երկրները շարունակում են իրենց հակաօդային պաշտպանության համակարգերի զգալի մասը համալրել խորհրդային և ռուսական արտադրության տեխնիկայով։ Հնդկական համակարգի մուտքն այս շուկա կարող է վկայել տարածաշրջանի երկրների՝ պաշտպանական տեխնիկայի մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու ձգտման մասին։
Հնդկաստանը «Ակաշ» համակարգի մատակարարումը Հայաստանին սկսել է 2024 թվականի վերջից՝ «Akash MK-1S» տարբերակի գնման պայմանագրի շրջանակում։ Միջին հեռահարության այս համակարգը նախատեսված է ինքնաթիռների, ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների դեմ պայքարի համար։