Մամուլի տեսություն 08-07-2016
Եմենի բանակը հրթիռային հարձակումներ է իրականացրել ոտնձգիչների դեմ:
Ղոդս
Եմենի բանակը հրթիռային հարձակումներ է իրականացրել ոտնձգիչների դեմ
Ղոդս թերթը գրում է.«Այն դեպքում ,երբ Սաուդյան Արաբիայի ոտնձգիչ կոալիցիայի կործանիչները շարունակում են ավիահարձակումներ իրականացնել Եմենի տարբեր տարածքների վրա, այս երկրի բանակը և ժողովրդական ուժերը հրթիռային հարձակման են ենթարկել կոալիցիայի ուժերին ,որի հետևանքով սպանվել ու վիրավորվել են տասնյակ ոտնձգիչներ»:
Հղում անելով ԻՍՆԱ գործակալությանը, Ղոդս թերթը հաղորդում է,որ Եմենի բանակային և ժողովրդական ուժերի կողմից Մարիբ նահանգում գտնվող Քուֆելի շրջանում Սաուդյան Արաբիայի ոտնձգիչ կոալիցիայի ուժերի կենտրոնավայրի դեմ իրականացված հրթիռային հարձակման հետևանքով սպանվել ու վիրավորվել են տասնյակ ոտնձգիչ ուժեր:
Մեկ այլ աղբյուր տեղեկացրել է Եմենի Շաբվա նահանգում գտնվող Ասիլան շրջանում կոալիցիոն ուժերի դեմ իրականացված մեկ այլ հրթիռային հարձակման մասին: Իսկ ոտնձգիչ կոալիցիայի կործանիչներն ավիահարձակումներ են իրականացրել Հարիբ Ալ Ղարամիշ տարածքի և Սանաա նահանգում գտնվող 9-րդ շրջանի վրա:
«Ալ Մայադին» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Եմենի ու Սաուդյան Արաբիայի սահմանային տարածքում ծանր բախումներ են տեղի ունեցել:
Եմենի պաշտպանության նախարարությունը հայտարարել է,որ Աբդ Ռաբե Մանսուր Հադիին կապված ուժերից մի քանիսն սպանվել են այն ժամանակ ,երբ փորձում էին առաջ ընթանալ դեպի Եմենի հարավային Թաաիզ քաղաքում գտնվող Ալ Ջամալիա տարածքը: «Ալ Մայադին» հեռուստաընկերության թղթակցի փոխանցմամբ՝ կոալիցիայի կործանիչները հարձակումներ են կատարել Եմենի արևմտյան Հաջա նահանգում գտնվող երկու տարածքների վրա:
Մյուս կողմից Եմենի ռազմական աղբյուրներ հայտարարել են,որ Եմենի բանակին և ժողովրդական ուժերին հաջողվեց այսօր առավոտյան մաքրագործել Ջեբալ Ալ Մալահ տարածքը և վերահսկողության տակ առնել Ալ Ջուֆ շրջանը:Այս ուժերը կարողացան հինգշաբթի օրը մաքրագործել Բաբ էլ-Մանդեբի տարածքում Քահբուբ լեռան վրա գտնվող կոալիցիոն ուժերի վերջին ռազմակայանները:
Hayeli.am
Օբամայի և Պուտինի միտքը՝ Ղարաբաղում
Հուլիսի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սպիտակ տան մամլո ծառայությունը հայտնել է հետևյալը. «Նախագահ Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է հունիսի 20-ին կայացած Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահ Օբաման պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ ջանքերը՝ հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու համար»:
Կրեմլի պաշտոնական կայքը, իր հերթին, հեռախոսազրույցի մասին հաղորդում է. «Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ բանակցությունները կազմակերպելիս Ռուսաստանը ելնում էր հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջխաղացման համար պայմանների ստեղծմանը նպաստելու անհրաժեշտությունից: Բարաք Օբաման բարձր գնահատական տվեց Ռուսաստանի ձեռնարկած ջանքերին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել այդ կարևոր ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»:
Այլ կերպ ասած` Օբաման Պուտինից փորձել է ճշտել, թե ինչ է նա պայմանավորվել Սանկտ-Պետերբուրգում Սարգսյանի ու Ալիեւի հետ` անցյալ ամիս: Սա մի կողմից վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը չի ցանկանում, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի մենաշնորհը թողնել Մոսկվային:
Օբաման ու Պուտինը, թերևս, պայմանավորված կլինեն` ամեն կերպ թույլ չտալ նոր էսկալացիա և շարունակել բանակցությունները, հանդիպումները:
Երաշխի՞ք է սա արդյոք, որ պատերազմ չի վերսկսվի, կարճաժամկետ կտրվածքով` այո, բայց իհարկե թե ՛ Օբամայից, թե՛ Պուտինից վճռականություն է ակնկալվում:
Ինչևե, միջնորդները, կարծես, նպատակ են հետապնդում Սարգսյան-Ալիև ևս մեկ հանդիպում անցկացնել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հուսով է, որ շուտով կանցկացվի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: «ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, հավատարիմ են շուտով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպում կազմակերպելուն՝ միտված Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նախագահների հանդիպման ժամկետը դեռ հստակեցված չէ»,- հայտնել է Ուորլիքը:
Իր հերթին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էրոն էլ ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հանդիպում: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո ծառայությունը՝ ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցի եվրոպական թղթակցի համապատասխան հարցման: Ֆրանսիայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ շարունակվում են Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև խորհրդակցությունները՝ կապված հանդիպման ձևաչափի, տեղի ու ժամանակի հետ:
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո շատ էին հնչում խոսակցություններ, թե ամռանն Ալիևը կսանձազերծի նոր պատերազմ: Մոսկվան, Փարիզը և Վաշինգտոնն այս փուլում ամեն ինչ անում են, որ նման զարգացումը թույլ չտան, թե ինչ կլինի հետո` ապագան ցույց կտա:
Մետաքսյա Շալունց
---
News.am
Daily Mail
Իրաքի պատերազմի մասին զեկույցն ընդմիշտ կործանեց Թոնի Բլերի հեղինակությունը
Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի ձեռքերն ընդմիշտ արյունոտվել են Իրաքի պատերազմի մասին զեկույցի հրապարակումից հետո, գրում է Daily Mail–ը։
Թերթը նշում է, որ հիմա աշխարհը գիտի ցնցող ճշմարտությունը. Բրիտանիան բոլորովին չարդարացված եւ, ըստ երեւույթին, անօրինական պատերազմ է վարել, դրա հետեւանքները վերացնելու ոչ մի պլան չի ունեցել։ Այդ ամենը հանգեցրել է Մերձավոր Արեւելքում քաոսի եւ աշխարհն ավելի վտանգավոր դարձրել։
Հեղինակի կարծիքով դա մեր օրերում վարչապետական վատագույն որոշումն է եղել։ Բլերն անձամբ պատերազմից դեռ 9 ամիսը առաջ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին խոստացել էր, որ ինքը, միեւնույնն է, նրա կողքին է լինելու։ Ընդ որում, ո՛չ իր ժողովրդին, ո՛չ խորհրդարանին նա այդ մասին չէր հայտնել։
Բուն պատերազմն ավարտվեց մի քանի շաբաթում, ինչը հաստատում է Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի կողմից իրական պատերազմական սպառնալիքի բացակայության մասին, ինչին բրիտանացիներին ստիպել էին հավատալ։ Բացի այդ, հեղինակը գրում է, որ Հուսեյնը ոչ մի կապ չէր ունեցել 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետ, որոնք հաճախ պատերազմի կատալիզատոր են անվանում։ Զանգվածային ոչնչացման զենք նույնպես չէր հայտնաբերվել։
DM–ը գրում է, որ պատերազմից հետո իսկական քաոս է սկսվել. բռնապետությանը փոխարինելու եկավ անարխիան։ Դա ի վերջո հանգեցրեց ամբողջ Մերձավոր Արեւելքում ապստամբությունների, հազարավոր մարդկանց մահվան, միլիոնավորների գաղթին, այլ առաջնորդների տապալմանը եւ «Ալ Կաիդայի» եւ «Իսլամական պետության» ակտիվացմանը։
Իրաքի պատերազմը վարչապետի զազրելի սխալն էր, որի համար ստիպված եղան վճարել բոլորը, հատկապես զոհվածներն ու նրանց ընտանիքի անդամները, եզրափակում է հեղինակը։