Վտանգավոր բակտերիան կարող է մարդուն սպանել 24 ժամում
Վտանգավոր Burkholderia pseudomallei բակտերիան, որով կարելի է վարակվել օդակաթիլային ճանապարհով, գլխուղեղում կամ ողնուղեղում հայտնվելով` կարող է մարդուն սպանել ընդամենը 24 ժամում: Այդ մասին պատմում են Griffith University-ի եւ Bond University-ի մասնագետները:
Այդ բակտերիաները մելիոիդոզի հարուցիչներ են համարվում, որն ամեն տարի 89 000 մարդու կյանք է խլում: Եթե բակտերիան հայտնվում է ուղեղում, վարակից մահվան հավանականությունը կարող է հասնել 50 տոկոսի: Միաժամանակ հիվանդությունը կարող է հետեւողականորեն զարգանալ. մահացու ելքը կարող է վրա հասնել վարակումից մեկ օր անց:
Այն մասին, թե ինչպես է տեղի ունենում վարակումը եւ ինչի հետ է կապված դրա այդքան արագ զարգացումը, մինչեւ վերջերս քիչ էր հայտնի. հիվանդացածների մեծ մասը չգիտեր էլ, թե որտեղ է վարակվել դրանով:
Իսկ այժմ գիտնականները լաբորատոր մկների վրա փորձարկումներ են կատարել եւ պարզել են, որ Burkholderia pseudomallei-ով հնարավոր է վարակվել քթի միջոցով` ներշնչելիս: Քթի խոռոչում հայտնվելուց հետո միկրոօրգանիզմը շնչուղիներով ուղղվում է դեպի գլխուղեղ եւ ողնուղեղ, ինչից հետո կարող է տարածվել ամբողջ մարմնում: 24 ժամում վարակը կարող է ազդել ամբողջ օրգանիզմի վրա եւ մարդու մահվան հանգեցնել: Իմիջիայլոց, վարակը ոչ միշտ է արագ զարգանում. Որոշ դեպքերում հիվանդության ախտանիշները կարող են ի հայտ գալ վարակումից որոշ ժամանակ անց:
Հետազոտողները պարզաբանում են, որ իրենց ստացած արդյունքները կօգնեն հասկանալ, թե օրգանիզմում ինչպես են տարածվում նաեւ այլ միկրոօրգանիզմները, օրինակ` ստաֆիլոկոկը, որը հայտնվում է Ալցհայմերի հիվանդությամբ հիվանդների ողնուղեղում, կամ խլամիդինը, որը հայտնաբերվում է այդ նույն հիվանդների գլխուղեղում: Բացի այդ, հեղինակները կարծում են, որ որոշ խանգարումներ, օրինակ` թիկունքի ցավերը, հնարավոր կլինի հաղթահարել հակաբիոտիկների օգնությամբ, որովհետեւ դրանց առաջացումը կարող է կապված լինել բակտերիական վարակի հետ: