The Guardian. ՆԱՏՕ-ն վտանգավոր խաղ է խաղում Արեւելյան Եվրոպայում
Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի պատմական գագաթնաժողովը ավելի մեծ ազդեցություն կունենա համաշխարհային անվտանգության վրա, քան Հարավչինական ծովի տարածաշրջանի, The Guardian-ի համար գրում է Ավստրալիայում Լեհաստանի նախկին դեսպան Թոնի Քեւինը։
Ինչպես հիշեցնում է հեղինակը, գագաթնաժողովի ընթացքում Արեւմուտքի ղեկավարները որոշել են անցկացնել «զսպվածության եւ երկխոսության հավասարակշռված քաղաքականություն ագրեսիվ Ռուսաստանի հետ հարաբերություններում»։ Սակայն, Քեւինը գրում է, որ իրականությունն այն է, որ նրանք հավանություն են տվել Բալթյան երկրներում եւ Լեհաստանում4000 զինվորների տեղակայմանը, այդ թվում նաեւ հնարավոր է Սուվալկիի ամենավտանգավոր հատվածում։
Ըստ Քեւինի՝ Եվրոպայի համար իրավիճակն այսպես վտանգավոր չի եղել 1913-ից կամ 1939-ից ի վեր։ ՆԱՏՕ-ի ղեկավարները պնդում են, որ իրավիճակը վերահսկողության տակ է, սակայն դիվանագետն այդ հարցում վստահ չէ։ Նա մտավախություն ունի, որ ռազմական գործողությունները կարող են սկսվել «ռազմատենչ հիմարների» կողմից ստեղծած սադրանքների արդյունքում եւ տեսականորեն անցնել միջուկային պատերազմի։ Քեվինը վստահ է, որ Արեւմուտքին մոլորեցրել են Ռուսաստանի ագրեսիայի մասին պատմություններով։ Նրա կարծիքով ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան այժմ գերի են գտնվում Բալթյան երկրների եւ Լեհաստանի իշխանությունների ձեռքում, որոնց հասունության եւ առողջամտության հարցում նախկին դեսպանը խիստ կասկածում է։ Նրա կարծիքով ներկայիս ռիսկային իրավիճակի հիմնական պատճառը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի ձախողված արտաքին քաղաքականության մեջ է։