Մամուլի տեսություն 13-07-2016
Հետշրջափակումային պայմաններում Իրան են այցելել բազմաթիվ պատվիրակություններ
«Իրան»
Հետշրջափակումային պայմաններում Իրան են այցելել բազմաթիվ պատվիրակություններ
Մեկ տարի առաջ Իրանը ստորագրեց պատմական նշանակությամբ «Համատեղ քայլերի համապարփակ ծագրի» համաձայնագիրը :
«Իրան» օրաթերթը գրել է .-«Անցած մեկ տարվա ընթացքում , Իրանի տնտեսական դաշտում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել : Այդ թվում տարբեր երկրների քաղաքական ու տնտեսական բազմաթիվ պատվիրակություններ են մեր երկիր այցելել ՝ ներդրումներ կատարելու և Իրանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը ծավալելու հեռանկարով : Շրջափակումների ընթացքում , Իրանի հետ համագործակցությունը սահմանափակվում էր ասիական մի քանի երկրներով , սակայն համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց , մայրաքաղաքի հյուրանոցներում հաճախ կհանդիպենք կապուտաչյա ներդրողների : Թեև սովորաբար ներդրում գրավման պրոցեստ տևում է շուրջ երեք տարի , սակայն միջուկային համաձայնության դրական ազդեցություններն իրենց ազդեցությունը զգացնել են տալիս : Իրանի կառավարության խոսնակիհայտարարությամբ , շրջափակումների չեղարկումից երեք մաիս անց , իրան էին այցելել արդեն 16 պատվիրակություններ : Պատվիրակություններ ՝ 8 նախագահի , 5 վարչապետի , 14 ԱԳ նախարարի , 12 բանկային ու միջազգային մասշտաբով վարկանշային հաստատությունների մակարդակում : Բանակցություններն ընթացել են 73 միլիարդ դոլար կազմող ներդրումային ծրագրերի շուրջ» :
Միջուկային համաձայնության արդյունքում , երեք միլիարդ 418 միլիոն դոլար արժողությամբ 41 նախագծերի շուրջ ներդրումներ են պլանավորվում :
«Ղոդս»
ԱՄՆ-ի թերացումների հետևանքով , Airbus ավիաընկերությունը հուսահատվել է Իրանին ինքնաթիռներ վաճառելու հարցում
Եվրոպական ինքնաթիռաշինության ընկերությունը մի հաղորդագրությամբ , հայտարարել է , որ ԱՄՆ-ի թերացումների հետևանքով , հուսահատվել է Իրանին ինքնաթիռներ վաճառելու հարցում :
«Ղոդս» օրաթերթը գրել է .-« Airbus ավիաընկերությունը հայտարարել է , որ ընկերությունը մտադիր է Airbus-320 մակնիշի ինքնաթիռների արտադրման չափը ՝ 42-ից 60-ի բարձրացնել : Իրանի ավիացիոն կազմակերպության ղեկավարի խոսքերով , այս ոլորտում գլխավոր խոչընդոտը համարվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտոնությունն է : Հունվար ամսին , Իրանը 27 միլիարդ դոլարի արժողությամբ 118 ինքնաթիռներ գնելու համար հիշյալ ընկերության հետ պայմանագիր է ստորագրել» :
tert.am
«Ժողովուրդ». Ինչ են պատմել սահմանը հատած պակիստանցիները իրավապահներին
«Երեկ ազգային անվտանգության ծառայությունը խիստ հսկողություն էր սահմանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում: Բանն այն է, որ Թուրքիայից Արաքս գետով, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 2, իսկ ըստ մեր տեղեկությունների՝ 4-5 անձ է հատել սահմանը և փորձել թաքնվել թփուտներում:
Չի բացառվում, որ Հայաստան ներթափանցած 4-5 հոգանոց խմբի անդամները լրտեսներ կամ ահաբեկիչներ լինեն, քանի որ նրանք իրավապահներին տարբեր բաներ են պատմում:
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային վարչության մամուլի ծառայությունը պաշտոնապես տեղեկացրել է տիրող իրավիճակի մասին, սակայն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռևս լռում է:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, թե Թուրքիայից սահմանը հատած և Արարատի սահմանում հայտնված Աֆղանստանի և Պակիստանի քաղաքացիներն ինչ են պատմել իրավապահներին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վերջիններս հայտնել են, թե Հայաստանի մասին որևէ բան չգիտեն և, առհասարակ, երբևէ չեն էլ լսել:
Ավելին՝ նրանք հավաստիացրել են, թե աշխատանք են փնտրել Թուրքիայում, պատահական են հայտնվել սահմանի այս հատվածում և չգիտեն, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել:
Մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահ համակարգը չի բացառում, որ սահմանը հատած քաղաքացիները լրտեսներ են կամ հատուկ գործակալներ»,-գրում է թերթը:
armedia.am
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Լիտվա
Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները, Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող հիմնական ծրագրերը։ Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ միջև ընթացող բանակցությունների ներկա փուլին՝ մատնանշելով Արևելյան գործընկերության շրջանակներում ընձեռվող համագործակցային հնարավորությունները։
Երկուստեք կարևորվել է հայ-լիտվական երկկողմ ռազմական համագործակցության ոլորտում փորձի փոխանակման անհրաժեշտությունը, որի շրջանակներում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները կշարունակեն վերապատրաստվել Լիտվայի ռազմաուսումնական հաստատություններում։ Որպես համագործակցության լավ հեռանկարներ ունեցող ոլորտներ են մատնանշվել կիբեռանվտանգությունը և խաղաղապահությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Լիտվայի հարակից տարածաշրջաններում անվտանգության հետ կապված խնդիրների, այդ թվում նաև արցախյան հակամարտության կարգավորման շուրջ։ Նախարար Օհանյանը ներկայացրել է ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախարար Օլեկասն իր հերթին մտահոգություն է հայտնել ապրիլին իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ` ցավակցելով զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերաբերյալ և նշել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Լիտվայի Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին։
Լիտվայի Արտաքին գործերի նախարարն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափով հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Հանդիպման ընթացքում նախարար Լինկյավիչյուսը նաև մեծապես կարևորել է նաև ՀՀ-ԵՄ միջև ընթացող բանակցությունների հաջող ընթացքը։
hayeli.am
Ի՞նչ է սպասվում հաջորդ «կանգառում»
Ավարտվեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Ադրբեջան: Ռուս-ադրբեջանական բանակցությունները Բաքվում երկու երկրների արտգործնախարարները դրական են որակել: Ավելին՝ և՛ Բաքուն, և՛ Մոսկվան, ի դեմս ԱԳ նախարարների` հայտարարեցին, որ ղարաբաղյան գործընթացը շարժվում է առաջ և խաղաղ կարգավորման հեռանկարներն ուրվագծվում են: Լավրովը Բաքվում շեշտել է, որ Ալիևի հետ հանդիպումը «թույլ կտա առաջ մղել Սանկտ Պետերբուրգում համաձայնեցված գաղափարները»:
Մանրամասներն առայժմ չեն հրապարակվում, սակայն Ադրբեջանի ԱԳ նախարարն ակնարկել է, թե դժվար չէ հասկանալ, թե ինչ է դրված բանակցային սեղանին․ բավական է վերլուծել վերջին շրջանի հայտարարությունները: Լավրովը նույնպես հրաժարվել է բարձրաձայնել Սանկտ Պետերբուրգում հունիսին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունների մանրամասները․ «Հասկանալի պատճառներով մենք հրապարակավ չենք մանրամասնում այն գաղափարները, որոնք քննարկվել են պետերբուրգյան հանդիպման ժամանակ: Երեք երկրների առաջնորդները հատուկ պայմանավորվել են, որ զգուշավորությամբ կվերաբերվեն ի հայտ եկող հույսի ծիլերին: Ոչ թե այն պատճառով, որ մենք ինչ-որ բան թաքցնում ենք, պարզապես սա նորմա է բանակցությունների ժամանակ»:
«Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են կոնկրետ քայլեր, որոնք պետք է և կարող են բերել Ղարաբաղի խնդրի կարգավորմանը», – հայտարարել է նա: Իր հերթին, Մամեդյարովն ասել է․«Բանակցային գործընթացի ակտիվացումը թույլ կտա հանգուցալուծել այս ձգձգված հակամարտությունը»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հաջորդ հանդիպմանը, դրա վայրն ու ժամկետները հայտնի կդառնան այն բանից հետո, երբ Սերգեյ Լավրովը Ռուսաստանի նախագահին կզեկուցի Երևանում և Բաքվում անցկացրած բանակցությունների մասին: Ընդ որում, այս մասին հայտարարել է ոչ թե Լավրովը, այլ Մամեդյարովը՝ հավելելով, թե ադրբեջանական կողմի համար որևէ նշանակություն չունի, թե որտեղ կկայանա նախագահների հաջորդ հանդիպումը՝ Ֆրանսիայում թե մեկ այլ երկրում․ – «Կարևորն այն է, որ այդ բանակցություններն արդյունավետ լինեն»:
Լավրովի այցը Բաքու նրա երևանյան այցի շարունակությունն էր, և այս կապակցությամբ Մամեդյարովը նկատել է․ «Այն տեղեկատվությունը, որը ներկայացրել է Սերգեյ Լավրովը, դրական լիցքեր է ներշնչում»: Ասուլիսին Մամեդյարովն ասել է նաև, թե հակամարտության կարգավորման ճանապարհով պետք է առաջանալ «փուլ առ փուլ՝ մինչև բանակցային սեղանին այլևս չմնան չհամաձայնեցված հարցեր»:
Հիշեցնենք, որ պաշտոնական Փարիզը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ: Ամենայն հավանականությամբ Սարգսյանի ու Ալիևի հաջորդ «կանգառը» Փարիզը կլինի, որտեղ թերևս, ԼՂ կարգավորման ուղղությամբ ավելի առարկայական քննարկում կծավալվի:
Համանախագահները չեն բացառում առաջիկայում տարածաշրջանային ևս մեկ այց: «Համանախագահ երկրները շարունակում են ջանքեր գործադրել բանակցություններում առաջընթաց գրանցելու և ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն ընդլայնելու, ինչպես նաև քննության մեխանիզմների մասին առաջարկներ պատրաստելու ուղղությամբ»,-ասել է ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Իսկ ՄԽ-ի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն իր հերթին հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են կրկին այցելել հակամարտության տարածաշրջան, սակայն այցի հստակ ամսաթիվը դեռ հաստատված չէ:
Ինչ զարգացումներ են սպասում Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումից առաջ և հետո` ցույց կտա ժամանակը: Այնուամենայնիվ, հայկական կողմի նկատմամբ որոշակի ճնշումների առկայությունն այլևս անհերքելի է:
Մետաքսյա Շալունց