Մամուլի տեսություն 19-07-2016
Ամերիկացի 8400 զինծառայողներ մնալու են Աֆղանստանում
«Ղոդս»
Ամերիկացի 8400 զինծառայողներ մնալու են Աֆղանստանում
Ամերիկացի դասախոս և քաղաքագետն անդրադարել է Աֆղանստանում 8400 զինածառյողներ պահելու կապակցությամբ Օբամայի որոշմանը : Նա ասել է , որ այդ որոշմամբ Օբաման հետաձգել է այդ երկրում Վաշինգտոնի պարտությունն , ի հարկե դա Քաբուլի կառավարության համար պատգամ ունի :
«Ղոդս» օրաթերթը գրել է .-«ԱՄՆ ջորջ Թաունի համալսարանի դասախոս ՝ Լաուրենս Քերբի խոսքերով , Օբաման փորձում է հետաձգել Քաբուլում Վաշինգտոնի պարտությունը : Այդպիսով Օբաման ջանում է Քաբուլի կառավարությանը փոխանցել այն պատգամը , որ չեք կարող մշտապես մեր օգնությունների հետ հույսեր կապել և պետք է ավելի լուրջ քայլեր արվեն հանձնառությամբ ստանձած բարեփոխումներն իրականացնելու ուղղությամբ» :
Ամերիկացի քաղաքագետի համոզմամբ , նախկին ծրագրի համաձայն , ամերիկյան ուժերն Աֆղանստանից դուրս էին գալու մինչև 2016 թվականի վերջերը ՝ սահմանափակվելով Քաբուլում այդ երկրի դեսապանատնում ուժերը պահելով :
Սակայն ԱՄՆ նախագահը փոխեց ծրագիրը և 2015 թվականի հոկտեմբերին հայտարարեց , որ մինչև 2016 թվականն այդ երկրի զինծառայողները մնալու են Աֆղանստանում , ապա նրանց թիվը կրճատվելու է ՝ հասնելով 5500-ի : Ավելի ուշ , Օբաման կրկին փոխեց իր որոշումը ՝ հայտարարելով , որ 5500-ի փոխարեն Աֆղանստանում մնալու են 8400 զինծառայողներ :
«Իրան»
Օբամային չհաջողվեց իրականացնել Իրանի տված խոստումները
«Վաշինգտոն պոստ» օրաթերթն անդրադարձել է Իրանի հետ միջուկային համաձայնության հարցին , հավակնելով , թե հաշվի առնելով համաձայնությունում առկա թերությունները , հասել է ժամանակը ՝ համաձայնությունը վերանայելու համար հավաքականություն ստեղծելու համար :Համաձայն ամերիկյան այդ օրաթերթին , միջուկային համաձայնությունից մեկ տարի անց , Հանրապետականներն ու դեմոկրատները մոտեցրել են համաձայնության հետ կապված թերությունների հետ ապված տարաձայնությունների շուրջ իրենց կարծիքները : Օրաթերթը գրում է , որ գլխավոր խնդիրը կայանում է նրանում , որ Օբամայի կառավարությունում բացակայում է անկեղծությունը , ինչի հետևանքով Կոնգրեսում երկու կուսակցության պատգամավորները հուսահատվել են , իսկ Օբամային չի հաջողվել խոստացած համաձայնությանը գալ : Այդպիսով , այժմ , երբ Օբամայի նախագահության ժամանակշրջանն ավարտվում է , հասել է հարցի շուրջ հավաքական համաձայնության գալու ժամանակը : Ըստ ամերիկյան օրաթերթի հավակնության , միջուկային համաձայնության շրջանից հետո , Իրանը միջուկային տեխնոլոգիաների զարգացման դաշտում անօրինական գործունեություն է ծավալել :
orer.am
Թուրք ընդդիմադիր Գյուլենը չի զբաղվում հակաիրավական գործունեությամբ. ԱՄՆ-ի իշխանություններ
Պաշտոնական Վաշինգտոնը գտնում է, որ թուրք ընդդիմադիր Ֆաթուլլահ Գյուլենը, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում եւ որին Անկարան մեղադրում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, չի զբաղվում հակաիրավական գործունեությամբ:Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը` վկայակոչելով միջազգային ԶԼՄ-ները, այսօր Վաշինգտոնում լրագրողների համար կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մարկ Թոները:
«Ամերիկյան աշխատակազմի տեսակետից` Գյուլենը գործում է օրենքին համապատասխան», -ասել է Թոները: Նրա խոսքով` ամերիկյան իշխանությունները գտնում են, որ Գյուլենը խաղաղ ապրում է Փենսիլվանիայի նահանգի իր առանձնատանը:Թոները նաեւ համոզմունք է հայտնել այն բանում, որ Թուրքիայում վերջին իրադարձությունների լույսի ներքո Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ ռազմական համագործակցությունը չի տուժի: «Մենք դրանում անհանգստացած չենք», -ընդգծել է ամերիկացի դիվանագետը:
Նա հաստատել է, որ որքանով հայտնի է ԱՄՆ-ի կառավարությանը, Թուրքիայի ղեկավարության ներկայացուցիչները չեն հրաժարվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցերով միջազգային հանդիպմանը մասնակցելու պլաններից, որը պետք է տեղի ունենա հուլիսի 20-ին ԱՄՆ-ի մայրաքաղաքի մոտակայքում՝ Մերիլենդի նահանգի Էնդրյուս ռազմաբազայում:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր հայտարարել է, որ Թուրքիան պաշտոնական հարցում է ուղարկել ԱՄՆ Ֆաթուլլահ Գյուլենին արտահանձնելու հարցով, որին թուրքական իշխանությունները համարում են մասնակից ռազմական հեղաշրջման փորձին:«Մենք ԱՄՆ չորս փաթեթ փաստաթղթեր ենք ուղարկել Գյուլենին արտահանձնելու համար: Մենք նրանց ավելի շատ ապացույցներ կներկայացնենք, քան իրենք ցանկանում են», -ընդգծել է նա:
74-ամյա Ֆաթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը եւ Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի եւ բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի եւ կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար: Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ:
news.am
Քաղաքագետ. ՆԱՏՕ-ի կազմից Թուրքիայի դուրս գալը չի բացառվում
Հեղինակ՝ Տաթեւիկ Ղազարյան
Չի բացառվում, որ Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ի կազմից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը:
Նրա խոսքով՝ Թուրքիան չափազանց դժգոհ է ԱՄՆ-ի քաղաքականությունից, մասնավորապես, այն հանգամանքից, որ ԱՄՆ-ն, հնարավոր է, կանգնած է եղել պետական հեղաշրջման փորձի հետեւում եւ սատարում է Ֆեթուլլահ Գյուլենին, որն ԱՄՆ-ում է եւ, ամենայն հավանականությամբ, համագործակցում է այդ երկրի հատուկ ծառայությունների հետ:
«Գյուլենը ցանկացած դեպքում կապ ունի այս հեղաշրջման հետ: Այդ պատճառով Էրդողանը դժգոհ է եւ արդեն սպառնացել է փակել Ինջիրլիքում ՆԱՏՕ-ի ռազմաօդային բազան, եթե ԱՄՆ-ն չհանձնի Գյուլենին: Բնականաբար, այս դեպքում ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հարց կբարձրացվի: Հնարավոր է՝ Թուրքիայում ներկայում լրջորեն դիտարկում են այդ տարբերակը, քանի որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պաշտպանել Թուրքիային, դա ակնհայտ է»,- նշեց Միխայիլ Ալեքսանդրովը:
Թուրքիան, ըստ նրա, ՆԱՏՕ-ից օգտվում է սեփական շահերի համար, ինչ վերաբերում է քրդական հարցին, Թուրքիան Դաշինքից որեւէ օգնություն չի ստանալու: «Իհարկե, այս պայմաններում ՆԱՏՕ-ին անդամակցությունը Թուրքիային ձեռնտու չէ: Ամերիկացիները տեսան, Թուրքիայում նման տրամադրություններն ուժեղանում են, եւ ցանկացան վախեցնել, որ կհեռացնեն ՆԱՏՕ-ից: Այսինքն՝ հարցը ներկայացնել այնպես, որ ոչ թե Թուրքիան է ցանկանում հեռանալ ՆԱՏՕ-ից, այլ նրան ցանկանում են հեռացնել»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:
Նրա համոզմամբ, ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալուց Թուրքիան միայն կշահի: «Թուրքիան կարող է ինտեգրվել Շանհայի համագործակցության կազմակերպությանը, ազատ առեւտրի գոտի ստեղծել Եվրասիական տնտեսական միության հետ: Այդ դեպքում նաեւ Հայաստանն առավելություն կունենա. եթե Թուրքիան ազատ առեւտրի գոտի ստեղծի ԵՏՄ-ի հետ, ապա սահմանները պետք է բաց լինեն, եւ Հայաստանը մեկուսացման մեջ չի լինի: Հնարավոր է՝ էներգետիկ նախագծեր իրականացվեն Հայաստանի, Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի մասնակցությամբ»,- հավելեց Ալեքսանդրովը:
Հիշեցնենք, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր. «Թուրքիայի գործողությունները, որոնք խախտում են ժողովրդավարական սկզբունքները, կարող են հանգեցնել այն բանին, որ այդ երկիրը կկորցնի ՆԱՏՕ-ում տեղը»: