Անգլերենով հրատարակվել են Նապոլեոնի ղարաբաղցի թիկնապահի հուշերը
https://parstoday.ir/hy/news/world-i2692-Անգլերենով_հրատարակվել_են_Նապոլեոնի_ղարաբաղցի_թիկնապահի_հուշերը
Կանադայում լույս տեսնող «Հորիզոնը», հղում կատարելով mirrorspectator.com-ին, գրում է, որ առաջին անգամ անգլերեն թարգմանվել և Արա Ղազարյանի խմբագրութեամբ ու ներածականով հրատարակվել է «Ռուստամի հուշերը. Նապոլեոնի մամլուք կայսերական թիկնապահը» գիրքը (The Memoirs of Roustam: Napoleon’s Mamlik Imperial Bodyguard), որը գրված է ֆրանսերենով: Այս մասին հաղորդում է arevelk.am-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2016 10:06 Asia/Tehran
  • Անգլերենով հրատարակվել են Նապոլեոնի ղարաբաղցի թիկնապահի հուշերը

Կանադայում լույս տեսնող «Հորիզոնը», հղում կատարելով mirrorspectator.com-ին, գրում է, որ առաջին անգամ անգլերեն թարգմանվել և Արա Ղազարյանի խմբագրութեամբ ու ներածականով հրատարակվել է «Ռուստամի հուշերը. Նապոլեոնի մամլուք կայսերական թիկնապահը» գիրքը (The Memoirs of Roustam: Napoleon’s Mamlik Imperial Bodyguard), որը գրված է ֆրանսերենով: Այս մասին հաղորդում է arevelk.am-ը:

Գիրքը ներկայացնում է Օնորե դը Բալզակի, Լև Տոլստոյի, Ֆյոդր Դոստոևսկու կողմից իբրև կերպար օգտագործված, բազմաթիվ գեղանկարներում անմահացած Ռուստամ Ռազայի՝ Ռուստամ Խաչատուրեանի հետաքրքիր ու բարդ կյանքը: Հայտնի է, որ Ռուստամը (1781-1845) փոքր տարիքում Կովկասից առևանգվել և բազմաթիվ անգամ վաճառվել է իբրև գերի: Նա, իբրև մամլուք (պատանի զինվորներից կազմված դասի ներկայացուցիչ միջնադարյան Եգիպտոսում) վարժեցվել է Եգիպտոսում, որից հետո շուրջ 15 տարի եղել է Նապոլեոնի թիկնապահն ու նրա վստահելի մարդը:

Աշխարհի տարբեր երկրներում գործած հայ զինվորականների մեջ Ռուստամը եղել է ամենաարտասովոր կերպարը, քանի որ ստրուկից դարձել է Ֆրանսիայի կայսեր «աջ ձեռքը»:

Գրքի առաջաբանի հեղինակը նշել է, թե փաստեր կան, որ Ռուստամը դրական ազդեցություն է ունեցել Նապոլեոնի վրա՝ «Սուրբ Ղազար» կղզու «Սուրբ Խաչ» եկեղեցու և Մխիթարյան վանքի հետ կապված ինչ-ինչ հարցերում։

Չնայած որոշ աղբյուրներ նշում են, թե Ռուստամը վրացի է կամ ադրբեջանցի, իր հուշերում, հստակ գրված է, որ ինքը ղարաբաղցի հայ է:

Նապոլեոնից հետո Ռուստամը գրասենյակային աշխատանք է կատարել Լուի Ֆիլիպ թագավորի աշխատակազմում: Նա Ֆրանսիայի միակ մամլուքն էր, որին թույլատրված էր ավանդական տարազ կրել, որով էլ աչքի էր ընկնում երկրում: Թաղված է Դուրդանում: Ռուստամի հուշերը լույս են տեսել մի քանի լեզուներով: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1866-ին, որից օգտվել են Նապոլեոնի կենսագիրները:

armedia.am

5/2/2016