Մամուլի տեսություն 20-08-2016
https://parstoday.ir/hy/news/world-i31189-Մամուլի_տեսություն_20_08_2016
Մայքլ Բլումբերգը նշանակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարի կամքի դեսպան
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2016 14:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   20-08-2016

Մայքլ Բլումբերգը նշանակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարի կամքի դեսպան

«Համշահրի»

Մայքլ Բլումբերգը նշանակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարի կամքի դեսպան

 

Ձեռնարկատեր ,Նյու Յորքի նախկին քաղաքապետ, աշխարհի 13-րդ ամենահարուստ մարդը` Մայքլ Բլումբերգը Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարի կամքի դեսպան է նշանակվել ոչ ինֆեկցիոն հիվանդությունների գծով: Այդ մասին հայտնել են ԱՀԿ-ի ժնևյան կենտրոնակայանում:

Ընդգծվում է, որ այդ կարգավիճակում Բլումբերգն «ազգային եւ տեղական քաղաքական ղեկավարների հետ աշխատելու է ամբողջ աշխարհում»՝ ուշադրությունը կենտրոնացնելով ոչ ինֆեկցիոն հիվանդությունների ու վնասվածքների հետ կապված խնդիրների վրա: Խոսքը վերաբերում է սրտի հիվանդություններին, ինսուլտին, քաղցկեղին, շաքարախտին եւ խրոնիկական շնչառական հիվանդություններին, որոնք վիրավորումների ու վնասվածքների հետ միասին տարեկան 43 մլն մարդու կյանք են խլում:

ԱՀԿ-ն հիշեցնում է, որ 16 մլն մարդիկ այդ հիվանդություններից ու վնասվածքներից մահանում են մինչև 70 տարեկան հասակում: Եվս 1,25 մլն մահ բաժին է ընկնում ավտովթարներին:

«Վաղաժամ մահը եւ ոչ ինֆեկցիոն հիվանդություններից հաշմանդամությունը կարող են զգալի չափով կանխվել ժամանակին ընդունված, ստուգված, արդյունավետ միջոցների շնորհիվ»,- արձանագրել են ԱՀԿ-ում:

Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը վարելու տարիներին, Բլումբերգը քայլեր է ձեռնարկել քաղաքացիների առողջությունը պահպանելու ուղղությամբ ՝ բարձրացրել է ծխախոտի գները, արգելել է մթերային արդյունաբերությաան բաժնում տրանս ճարպերի օգտագործումը: Նա բարի կամքի դեսպանի պաշտոնը վարելու է երկու տարվա ժամկետով:

 

 

 

«Ղոդս»

Թուրքիայի հետ փախստականների հարցում համաձայնությունը ճիշտ լուծում չէ

 

Ավստրիայի ԱԳ նախարարն անդրադարձել է  Բալկանյան ճանապարհը մշատապես փակ պահելու հետ կապված իր որոշման մասին և Թուրքիայի հետ փախստականների հարցում համաձայնությունը ճիշտ լուծում չի համարել:

Ավստրիայի ԱԳ նախարարի խոսքերով, Թուրքիայի ԱԳ նապարարը հանդես է եկել գաղթականների դեմ սահմանափակման ու կանխարգելման քաղաքականություն որդեգրելու պահանջով և նշել է , որ Թուրքիայի հետ այդ հարցում համաձայնությունը ճիշտ լուծում չի կարող լինել: Սեբաստիան Կուրցը նաև շեշտել է , որ մտադիր է Բալկանյան ուղին մշտապես փակ պահել: Նրա խոսքերով, քանի դեռ արտաքին սահմանները չեն պաշտպանվում, հնարավոր չէ դիմակայել դեպի Եվրոպա փախստականների անօրինական հոսքին: Կուրցը սխալ քայլ է որակել Գերմանիայի կանցլերի 2015 թ.-ի սեպտեմբերին ընդունած որոշումը: Նա որոշել էր գաղթականներին թույլ տալ  Հունգարիայից ժամանակավորապես Գերմանիա անցնել:

Ավստրիայի ԱԳ նախարարն առաջարկել է Դուբլինի դաշինքի համար այլընտրանքային նախագիծ մշակել: Դուբլինյան դաշինքի համաձայն, ներգաղթյալները պետք է ապաստանություն խնդրեն առաջինը մուտք գործած երկրից: Կուրցը նաև խստորեն քննադատել է Թուրքիայի հետ գաղթականների հարցում համաձայնությունն, ասելով.-«Անկախ և հզոր Եվրոպան պետք է կարողանա պաշտպանել սեփական սահմանները»: Նա համոզված է, որ համագործակցել չցանկացող երկրների դեմ պետքէ ճնշում գործադրել: Այդ երկրների դեմ պետք է կիրառվի ֆինանսական օգնությունները դադարեցնելու սպառնալիքի մեթոդը: «Եվրամիությունը պետք է պայքարի իր սկզբունքները պաշտպանելու համար».-ասել է Ավստրիայի ԱԳ նախարարը:

 

 

hayeli.am

Քաղաքական միասնություն` «հուսալի ընկերների» միջև

 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ռուսաստանը մտահոգ է Թուրքիայի հարավ-արևելքում տիրող իրավիճակով, որտեղ օգոստոսի 17-18-ին իրավապահ մարմինների աշխատակիցների վրա իրականացվել են մի շարք զինված հարձակումներ, այդ թվում նաև՝ պայթուցիկ սարքերի օգտագործմամբ:

Այնուհետև Զախարովան նշել է, որ Մոսկվան Սիրիայի հարցով Թուրքիայի հետ աշխատելը գնահատում է որպես կառուցողական ու դրական. «Մենք ասել ենք, որ տարաձայնություններ ունեինք Սիրիայի հարցի շուրջ: Ներկայումս կողմերը սկսել են կոնկրետ, մանրակրկիտ աշխատանքներ Սիրիայի շուրջ: Մենք այդ աշխատանքը գնահատում ենք որպես կառուցողական ու դրական: Տարաձայնությունները չեն կարող հաղթահարվել մեկ օրում: Դրանք էական տարաձայնություններ են, դրանց շուրջ տարվում է աշխատանք, և մենք դա որակում ենք որպես կառուցողական և խոստումնալից»:

Պաշտոնական Անկարայից էլ Ռուսաստանի ուղղությամբ են ձոներ հնչում:

Sputnik Turkey լրատվական գործակալության հարցազրույց է տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ով հայտարարել է, որ Ռուսաստանին ահաբեկելու կամ նվաստացնելու Արևմուտքի փորձերը խելամիտ և իրատեսական չեն: Չավուշօղլուն ընդգծել է, որ Արևմուտքը դրանով ոչնչի չի հասնի: Նրա խոսքով՝ Արևմուտքի երկրները դժգոհ են, որ այնպիսի առաջնորդները, ինչպիսիք են Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը, չեն գնում նրանց մատնանշած ուղով

«Բախվելով Էրդողանի ու Պուտինի անաչառությանն ու հաստատակամությանը՝ նրանք մեծ մտավախություն և վտանգ են զգում: Նրանք պետք է հասկանան, որ քանի դեռ իրենք չեն փոխել իրենց պահվածքը, մշտապես զգալու են այդ վտանգը: Մեր առաջնորդները շարունակելու են նրանց մոտ հարուցել վախ և մտավախություն: Արևմուտքը պետք է վերջապես գիտակցի սա»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Սա դեռ ամենը չէ: Պաշտոնական Անկարան շեշտում է, թե Ուկրաինայի ճգնաժամը հիմնականում տեղի է ունեցել Արևմուտքի ապակառուցողական դիրքորոշման պատճառով

Չավուշօղլուն նշել է, որ Անկարան կողմ է ՆԱՏՕ-ի ու Մոսկվայի միջև երկխոսության հաստատմանն ու զարգացմանը: «Վերջին շրջանում Ղրիմը լարվածության պատճառ է դարձել ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ: Սակայն ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում տիրել է Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության ըմբռնման մթնոլորտ: Անհրաժեշտ է ամեն կերպ ամրապնդել ու զարգացնել այդ ըմբռնումը և առկա բոլոր խնդիրները լուծել երկխոսության միջոցով»,- հայտարարել է Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ Ուկրաինայի ճգնաժամը հիմնականում տեղի է ունեցել Արևմուտքի ապակառուցողական դիրքորոշման պատճառով. «Տեսե՛ք, թե ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում: Նրանք մշտապես սպառնացել են նրան և հարկադրել են ընտրություն կատարել իրենց և Ռուսաստանի միջև: Ասել են, որ դու պետք է լինես կա՛մ մեզ հետ, կա՛մ Ռուսաստանի: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, տարածաշրջանի գլխավոր խնդրի արտացոլումն է: Ես ուկրաինական ճգնաժամից դեռ 1.5-2 տարի առաջ էի ասում, որ եթե այսպես շարունակվի նաև հետագայում, ապա Ուկրաինայում տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ: Դժբախտաբար, հենց այդպես էլ եղավ: Արևմուտքը պետք է հրաժարվի այդ քաղաքականությունից, քանի որ դա փակուղային է»:

Ապա`Թուրքիայի ԱԳ նախարարը հավաստիացրել է, որ Մոսկվան չէր կարող գտնել Անկարայից ավելի հուսալի ընկերոջ: Նա հավելել է, որ ներկա դրությամբ կողմերը բաց քննարկում են առկա տարաձայնություններն ու խնդիրները. «Թուրքիայի համար Ռուսաստանը ընկեր է տարածաշրջանում, և Ռուսաստանը նույնպես չէր կարող իր համար գտնել ավելի հուսալի ընկեր, քան Թուրքիան է: Երկու երկրները պատրաստ են միմյանց հետ բաց և ոչ կանխակալ ձևով քննարկել տարաձայնությունները, սակայն գլխավոր նպատակը պետք է լինի մեր երկկողմ համագործակցությունն էլ ավելի բարձր մակարդակ դուրս բերելը, քան նախկինում էր: Մենք մշտապես Ռուսաստանին համարել և համարում ենք ոչ միայն մեր հարևան, այլև՝ կարևոր գործընկեր: Այդ պատճառով էլ մենք շարունակեցինք քայլեր կատարել Ռուսաստանին ընդառաջ: Մենք որևէ պատժամիջոց չսահմանեցինք Ռուսաստանի դեմ, հավատարիմ մնացինք տվյալ խոստմանը: Այդպիսով, մենք դարձանք ՆԱՏՕ-ի միակ երկիրը, որը չաջակցեց այդ պատժամիջոցներին: Ռուսաստանն ու ռուս ժողովուրդը հնարավորություն ունեցան համոզվելու դրանում»:

Ընդ որում, Թուրքիայի ԱԳ նախարարը չի մոռանում Ռուսաստանին որպես հուսալի ընկեր ներկայացնելով` ֆիքսել նաև, որ` Եվրոպայում նկատվում է իսլամատյացության ու թրքատյացության աճ: «Դժբախտաբար Եվրոպայում նկատվում է այլատյացության տրամադրությունների, իսլամատյացության, թրքատյացության աճ: Աճում է ատելությունը նրանց հանդեպ, որոնք առանձնանում են ընդհանուր զանգվածից: Այլատյացության տրամադրությունների ու բացասական այլ բազմաթիվ գործոնների պատճառով Եվրոպայում պոպուլիզմը հասել է ամենաբարձր մակարդակի: Մենք այդ գործընթացը նկատում ենք անգամ այն կուսակցությունների քաղաքականությունում, որոնք պարտվում են արմատական կուսակցություններին: Նրանք սկսել են ցուցաբերել արմատական, ազգայնական շարժումների հետ մերձենալու միտում նրանց աջակցությունը ստանալու և ձայները վերադարձնելու համար, որոնցից զրկվել են նրանք», դժգոհել է Թուրքիայի արտգործնախարարը:

Ահա, այսպիսի ջերմացման տեմպերով Ռուսաստանն ու Թուրքիան միավորվում են ընդդեմ արևմուտքի` արդեն հիմնական քննադատական սլաքներն էլ նույն ուղղությամբ տանում:

Մետաքսյա Շալունց