Ուզբեկստանում անկայունությունը սպառնում է ողջ Կենտրոնական Ասիային. FT
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահը էթնիկապես բազմազան և ռեսուրսներով հարուստ 31 մլն բնակչությամբ երկիրը ընկղմում է անորոշության գիրկը, որը նա չի տեսել 1991թ. անկախացումից ի վեր, և հետևանքներ ունի ամբողջ Կենտրոնական Ասիայի համար, որտեղ աճում է արմատական իսլամի տարածման սպառնալիքը: Այս մասին գրում է Financial Times-ը:
Ուզբեկստանը կարող էր գնալ Թուրքմենստանի ճանապարհով, որտեղ նախագահ Սապարմուրատ Նիյազովի մահից հետո նրան արագորեն՝ նվազագույն վնասով, փոխարինել են Գուրբանգուլի Բերդիմուհամեդովով՝ գրում է պարբերականը: Սակայն Ուզբեկստանն ավելի բարդ և բազմազան երկիր է, որտեղ չի կարելի բացառել գժտությունները մրցակից խմբերի միջև: Որպես հետևանք՝ առկա է իշխանության վակուումի ստեղծման ռիսկ, որից կարող են օգտվել թաքնված արմատական իսլամիստական խմբավորումները:
Հոդվածում ասվում է, որ ցանկացած անկայունություն Ուզբեկստանում, որը սահմանակից է ոչ միայն Կենտրոնական Ասիայի բոլոր 4 նախկին խորհրդային հանրապետություններին, այլև Աֆղանստանին, ենթակա է ավելի հեռու տարածվելու ռիսկի:
FT-ն ընդգծում է, որ Ուզբեկստանում ստեղծված իրավիճակին ուշադիր հետևում են այնպիսի համաշխարհային տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը, որոնք կարող են ընդլայնել իրենց ազդեցությունը ստեղծված հանգամանքներում՝ նույնիսկ իշխանության խաղաղ փոխանցման դեպքում: Այսպես. Ռուսաստանը կարող է փորձել օգտվել ղեկավարության փոփոխությունից՝ Ուզբեկստանում դիրքերն ամրապնդելու համար, Չինաստանը կենտրոնաասիական երկիրը դիտարկում է որպես հեռանկարային շուկա, իսկ ԱՄՆ-ը դրանում տեսնում է կարևոր երթուղի՝ Աֆղանստանում գործողություններ իրականացնելու համար:
Հաշվի առնելով Կենտրոնական Ասիայում ստեղծված հիվանդագին իրավիճակը՝ աշխարհաքաղաքականությունն, ըստ ամենայնի, դուրս կգա առաջին պլան՝ եզրափակում է պարբերականը:
1in.am