Մամուլի տեսություն 30-09-2016
Այսօր մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի Կովկաս այցելության երկրորդ փուլը, որի շրջանակում նախատեսված է Վրաստան և Ադրբեջան այցելությունները: Ավելի վաղ հունիսի 24-26 Կովկաս այցելության շրջանակում Հռոմի պապն այցելել էր Հայաստան: Ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանում և Ադրբեջանում Հռոմի պապի այցի նկատմամբ վերաբերմունքն այդքան էլ միանշանակ չէ:
armedia.am
Ինչպե՞ս են պատրաստվում Հռոմի պապի այցին Վրաստանում և Ադրբեջանում
Այսօր մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի Կովկաս այցելության երկրորդ փուլը, որի շրջանակում նախատեսված է Վրաստան և Ադրբեջան այցելությունները: Ավելի վաղ հունիսի 24-26 Կովկաս այցելության շրջանակում Հռոմի պապն այցելել էր Հայաստան: Ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանում և Ադրբեջանում Հռոմի պապի այցի նկատմամբ վերաբերմունքն այդքան էլ միանշանակ չէ:
Վրաստանում դժգոհ են
Հռոմի պապը Վրաստան ժամանել է Վրաստանի պատրիարքի և նախագահի հրավերով: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի նախագահի, Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի, իշխանության և դիվանագիտական անձնակազմի, ինչպես նաև տեղի ասորի-խալդիական և կաթոլիկ համայնքների ներկայացուցիչների և կաթոլիկ բարեգործական կազմակերպությունների աշխատակիցների հետ: Հռոմի պապը նաև պատարագ կմատուցի Թբիլիսի Միխայել Մեսխիի անվան մարզադաշտում: Վրաստան այցի լոգոտիպի վրա պատկերված է քրիստոնեությունը Վրաստան բերած սուրբ Նինայի ավանդական խաչի ոճով խաչ, որի երկու կողմերի կարմիր և դեղին գույները խորհրդանշում են Վատիկանի և Վրաստանի դրոշի գույները: Լոգոտիպի վրա լատիներենով գրված է «Խաղաղություն բոլորին», ինչը Հռոմի պապի Վրաստան այցի կարգախոսն է:
Նշենք, որ Sputinik գործակալության վրացական ծառայության անցկացրած հարցման համաձայն՝ վրացիների ավելի քան 45 տոկոսը Հռոմի պապի այցելությանը որևէ նշանակություն չի տալիս: Վրացական հասարակության մի հատված էլ նույնիսկ դժգոհություն է հայտնում այդ կապակցությամբ:
Այսպես, սեպտեմբերի 23-ին «Ուղղափառ ծնողների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները՝ այդ թվում նաև հոգևորականներ, բողոքի ակցիա են անցկակցրել Թբիլիսիում Վատիկանի դեսպանատան դիմաց Հռոմի պապի նախատեսվող այցելության դեմ: Այս կապակցությամբ Վրաց ուղղափառ եկեղեցին հանգստության կոչ է արել հասարակությանը: «Վրացական պատրիարքությունն անընդունելի է համարում Հռոմի պապի այցի կապակցությամբ Վրաստանի մի շարք հոգևոր անձանց կողմից դժգոհության արտահայտումը և բոլորին հանգստության կոչ է անում», - ասվում է պատրիարքարանի հայտարարությունում:
Վրացական եկեղեցին նշում է, որ եկեղեցական կանոնների համաձայն ուղղափառները չեն մասնակցում կաթոլիկ պատարագին: «Բանականաբար Հռոմի պապը պատարագ կմատուցի կաթոլիկների համար, և պետք չէ դա համարել պրոզելիթիզմ ( իր կրոնին դավանափոխելու ձգտում), ինչպես որ պնդում են որոշները», - նշվում է վրացական եկեղեցու տարածած հայտարարությունում:
Հարկ է նշել, որ Թբիլիսին Հռոմի պապի այցը կարևորում է ոչ այնքան կրոնական, որքան աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ Վատիկանը և մասնավորապես՝ Հռոմի պապը կարևոր դերակատարում ունեն միջազգային հարաբերություններում: Նշենք, որ Վրաստանում Հռոմի պապի այցելությունը կարևորում են հատկապես երկրի միջազգային ճանաչելիությունը բարձրացնելու և «օկուպացված տարածքները» չճանաչելու քաղաքականության տեսանկյունից:
Ադրբեջանում Հռոմի պապին ընկալում են որպես հայամետ գործիչ
Վրաստանի Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 2-ին մեկօրյա այցով կմեկնի Ադրբեջան: Բաքվի Սուրբ կույս Մարիամի եկեղեցում Պապը սուրբ պատարագ կմատուցի։ Ճաշից հետո Ֆրանցիսկոս Պապը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այցի շրջանակներում նախատեսված է այցելություն Անկախության համար զոհվածների հուշահամալիր։ Պապը կհանդիպի նաև Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի, երկրի տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ և նույն երեկոյան կվերադառնա Հռոմ։
Հռոմի պապի Ադրբեջան այցը կընթանա «Մենք բոլորս եղբայրներ ենք» կարգախոսի ներքո: Այցի լոգոտիպն իրենից ներկայացնում է հրե հողագունդ պատկերող կրակի երկու լեզվակներ՝ ներկված Ադրբեջանի դրոշի գույներով, որոնք փաթաթվում են կաթոլիկ եկեղեցին խորհրդանշող դեղին խաչին: Կրակի լեզվի ձևը հիշեցնում է սիրտ, որի կենտրոնից շողեր են արձակվում ի նշան կաթոլիկ եկեղեցու հայտարարած Բարեսրտության տարվա:
Ադրբեջանցիները Հռոմի պապի այցելությունը դիտարկում են որպես իրենց երկրի աճող միջազգային հեղինակության նշան, քանի որ Ադրբեջանը Հռոմի պապի հայրապետական այցի կարիք չկա. Ադրբեջանում ոչ միայն կաթոլիկներ են քիչ, այլև այն մուսուլմանական երկիր է: Բաքվում վստահ են, որ դա հանդուրժողականության և Ադրբեջանի ֆինանսական օգնության համար երախտիքի նշան է: Ադրբեջանում նաև վստահեցնում են, որ Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության բնորոշումը, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և հիշատակի պատարագի մատուցումը որևէ կերպ չի անդրադառնա պապի այցի վրա: Սակայն ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից ակնհայտ է, որ Ադրբեջանում Հռոմի պապին ընկալում են բացառապես որպես հայամետ գործիչ:
«Համշահրի»
USA Today-ը տարբեր դիրքորոշումներ է ընդունել նախագահական ընտրությունների զույգ թեկնածուների նկատմամբ
USA Today բազմաթիրաժ օրաթերթը ժողովրդին կոչ է արել չքվեարկել Դոնալդ Թրամփի օգտին:
Ամերիկյան օրաթերթը քննադատել է Հանրապետական կուսակցության թեկնածուին: Օրաթերթում կարդում ենք.-«Այս անգամ չենք ընտրելու տարբեր գաղափարների տեր երկու արժանի թեկնածուների : Թեկնածուներից ՝ Դոնալդ Թրամփն արժանի չէ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար» :
Թեև օրաթերթն ուղղակիորեն չի սատարել Հիլարի Քլինթոնին, սակայն ժողովրդին կոչ է արել լռություն չպահել խաւբուսիկ քարոզչությունների նկատմամբ ՝ մասնակցել ընտրություններին , սակայն չքվեարկել Թրամփի օգտին:
Իր գործունության 34 տարիների ընթացքում, USA Today-ն առաջին անգամ չհարգելով լրագրողական էտիկան, չի հարգում անկողմնակալության նորմերը և պաշտոնապես ընթերցողներին կոչ է անում չքվեարկել հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին:
«Իրան»
Իրանը և Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայում համագործակցելու հարցում
Անկարա կատարած այցի ընթացքում, Իրանի ԱԳ նախարարը հանդիպում-զրույց է ունեցել Թուրքիայի վարչապետի և ԱԳ նախարարի հետ:
Իրանի ԱԳ նախարարի այցն իրականացվում է Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձին հաջորդող այդ երկրի հետ հարաբերությունների թարմացման շրջանակում:
Այնպիսի պայմաններում, երբ Սիրիայում ապարդյուն է անցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հաստատած հրադադարի հաստատումը, Իրանի ԱԳ նախարարի Թուրքիա կատարած այցը համարվում է Թեհրան-Անկարա տեսակետները մոտեցնելու միջոցով Սիրիայում արդյունավետ քայլերի իրականացմանն ուղղված փորձ :
Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Թուրքիայի վարչապետը հույս է հայտնել, որ Թեհրանի հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացումը նպաստելուէ երկու երկրի միջև կապերի ամրապնդմանը: երկու երկրի դիվանագետները նշել են, որ Թեհրան-Անկարա համարաբերությունները խորացնելու քաղաքական կամք գոյություն ունի: կողմերը համագործակցելու են Սիրիա հումանիտար օգնություններ առաքելու գործում:
news.am
Die Welt. Հանրաքվեն ճանապարհ է բացում Իլհամ Ալիեւի որդու դեպի իշխանություն վերելքի համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջին հայացքից արեւմտամետ քաղաքական գործչի տպավորություն է թողնում: «Բայց արտաքինը կուրացնում է: Իրականում նախագահ Ալիեւը Ադրբեջանում դինաստիա է կառուցում: Նա անում է ամեն ինչ, որպեսզի նրա՝ առանց այդ էլ ահռելի հարստություն դիզած ընտանիքը այսուհետ էլ մնա իշխանության ղեկին»- գրում է Յուլիա Սմիրնովան գերմանական Die Welt թերթի էջերին:
Եվ այսպես, հանրաքվեի միջոցով Ալիեւը առաջ մղեց սահմանադրական փոփոխություններ, որոնք զգալիորեն կամրապնդեն նախագահի իշխանությունը, այդ փոփոխությունների օգտին, նախնական տվյալներով քվեարկել է 91 տոկոսը: Մասնավորապես նախագահի լիազորությունների ժամկետը հինգից յոթ տարի է դառնալու, պետության ղեկավարը իրավունք է ստանալու լուծարել խորհրդարանը ու արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել:
«Հանրաքվեն նաեւ ճանապարհ է հարթում Իլհամ Ալիեւի որդու՝ Հեյդարի վերելքի համար դեպի իշխանության գագաթ, քանի որ հիմա նախագահի թեկնածուի տարիքային ցենզը 35 տարեկանից 18 տարեկան է իջել», շարունակում է Սմիրնովան: Հիմա 19-ամյա Հեյդարը սովորում է Բաքվի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Այսօրվա դրությամբ Հեյդարը հայտնի է միայն նրանով, որ 2010-ին, 11 տարեկանում, The Washington Post թերթի տվյալներով, արդեն Դուբայում 44 մլն դոլարանոց շքեղ անշարժ գույքի սեփականատեր էր:
Բացի դրանից, նրա անունը հայտնաբերվել է «Պանամական փաստաթղթերում», ադրբեջանական AtaHolding հոլդինգի առնչությամբ, որը մասնաբաժիններ ունի բանկերում նաեւ զանազան հեռուստահաղորդակցային, շինարարական ու նավթագազային ընկերություններում: Հոլդինգի սեփականատերերը թաքնված են օֆշորներում, ասվում է հոդվածում: 2005-ին Mossack Fonseca գործակալությունը էլեկտրոնային նամակ է ստացել ադրբեջանցի փաստաբանից՝ այն հիմնադրամի սեփականության կառուցվածքի առաջարկով, որին պատկանում էր AtaHolding–ը: Այն ժամանակ 6-ամյա Հեյդարը, որը փաստաթղթերում նշված է որպես «Ա1», պետք է ստանար 20 տոկոսը, իսկ նրա քույրեր Արսուն ու Լեյլան՝ 15-ական տոկոս:
Նախագահի երկու աղջիկները, ըստ պանամական դոսյեի, եւս մի ամբողջ շարք օֆշորային ֆիրմաների սեփականատերեր կամ շահառուներ են:Դրանց միջոցով Ալիեւները օրինակ վերահսկում են Ադրբեջանում ոսկու արդյունահանման ոլորտը: Բացի դրանից անցած տարի OCCRP –ի հետաքննության շրջանակում բացահայտվել է, որ նախագահի ընտանիքը մասնաբաժիններ ունի Ադրբեջանի ութ խոշոր բանկերում: 2014-ի սկզբին դրանց արժեքը 3 մլրդ դոլար էր գնահատվում: Նաեւ Ալիեւներին է պատկանում մի շինարարական ընկերություն, որը բազմամիլիոն պետպատվերներ է ստանում ու «Ազերֆոն» հեռահաղորդակցության ընկերությունը, հավելում է Die Welt–ը: