Սիրիայում պատերազմը կավարտվի, երբ Հալեպում լռեն թնդանոթները. La Criox, Ֆրանսիա
https://parstoday.ir/hy/news/world-i36961-Սիրիայում_պատերազմը_կավարտվի_երբ_Հալեպում_լռեն_թնդանոթները._la_criox_Ֆրանսիա
Հալեպում Մարոնի եկեղեցու (արաբ քրիստոնյաներ) եպիսկոպոս հայր Թոբիջը արևմտյան ԶԼՄ-ներին մեղադրում է քաղաքի համար մղվող պատերազմը երկակի ստանդարտներով ներկայացնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2016 10:26 Asia/Tehran
  • Սիրիայում պատերազմը կավարտվի, երբ Հալեպում լռեն թնդանոթները. La Criox, Ֆրանսիա

Հալեպում Մարոնի եկեղեցու (արաբ քրիստոնյաներ) եպիսկոպոս հայր Թոբիջը արևմտյան ԶԼՄ-ներին մեղադրում է քաղաքի համար մղվող պատերազմը երկակի ստանդարտներով ներկայացնելու համար:

«Երբ 2013թ. մեզ ինը ամիս շրջափակել էին ահաբեկիչները՝ քաղաքի արևելյան հատվածը գրաված ապստամբները, մենք չէինք տեսնում մեր սարսափելի վիճակի մասին ոչ մի լուր: Մենք զրկված էինք լույսից և էլեկտրականությունից, ճանապարհը փակել էին ապստամբները: Մի՞թե մեր մասին գրում էին արևմտյան լրատվամիջոցները. ո՛չ»:

2014թ. քաղաքի արևմտյան շրջանները հետ գրավվեցին ռեժիմի զորքերի կողմից: Արդյունքում սիրիական զորքը սկսեց վերահսկել ճանապարհը, որով իրականացվում է մատակարարումը: «Սակայն ամեն օր ոչ պակաս քան 10 մարդ զոհվում է ահաբեկիչների կրակոցներից: Մենք մինչև հիմա թաքնվում ենք նկուղներում, երբ արկեր են թռչում»,- ասել է եպիսկոպոսը:

Նա նաև խոստովանում է ռուս-սիրիական օդուժի հարվածների տակ գտնվող արևելյան թաղամասերում ապրող բնակիչների ծանր վիճակը: «Անմեղ մարդիկ են զոհվում. նրանք դարձել են զինված խմբավորումների պատանդը, որոնք թույլ չեն տալիս հատել հակամարտող կողմերի միջև ընկած սահմանագիծը»,- ասել է եպիսկոպոսը:

Մինչ պատերազմը Հալեպում 4 մլն բնակչություն կար, այժմ արևմտյան հատվածում ապրում է 1,5 մլն մարդ, որոնց գրեթե կեսը արևելյան շրջաններից եկած փախստականներ են: Այնտեղ մնացել է 250-300 հազար մարդ: «Արևմուտքում մուսուլման փախստականներին օգնում են բարեգործական կազմակերպությունները և եկեղեցիները: «Մենք տարբերություն չենք դնում քրիստոնյաների և մուսուլմանների միջև: Դա համակեցություն է, և փաստը, որ մենք՝ քրիստոնյաներս, օգնում ենք նրանց, կարող է փոխել նրանց աշխարհայացքը»,- ասում է նա:

Զենքերի շառաչը չի լռում, սակայն եպիսկոպոսը կարծում է. «Ամեն ինչ պարզ է. դադարեցրեք զենք վաճառել ահաբեկիչներին: Թող Թուրքիան փակի նրանց համար սահմանը: Պատերազմը Սիրիայում կավարտվի, երբ Հալեպում լռեն թնդանոթները»:

1in.am