ԵԽ հանձնաժողովը դատապարտել է Էրդողանի հայատյաց հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i37330-ԵԽ_հանձնաժողովը_դատապարտել_է_Էրդողանի_հայատյաց_հայտարարությունը
Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ECRI) իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում կրոնական, սեռական և էթնիկ փոքրամասնությունների դեմ ատելության խոսքի և բռնության աճի առնչությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2016 12:23 Asia/Tehran
  • ԵԽ հանձնաժողովը դատապարտել է Էրդողանի հայատյաց հայտարարությունը

Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ECRI) իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում կրոնական, սեռական և էթնիկ փոքրամասնությունների դեմ ատելության խոսքի և բռնության աճի առնչությամբ:

Հանձնաժողովը, մասնավորապես հիշեցնելով հայերի դեմ Էրդողանի արած ոչ պատշաճ արտահայտությունները, նշել է, որ ատելության խոսքը պետության բարձրաստիճան ղեկավարների կողմից առանձնահատուկ մտահոգության թեմա է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հանձնաժողովն անդրադարձել է 2014 թվականի օգոստոսին Էրդողանի այն հայտարարությանը, որում նա նշել էր. «Նրանք ինձ ասել են, թե վրացի եմ… անգամ ավելի վատ բաներ են ասել: Նրանք ինձ անվանել են, ներեցեք արտահայտությանս համար, հայ, սակայն ես թուրք եմ»: «Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը խստորեն հորդորում է պաշտոնյաներին և քաղաքական առաջնորդներին դադարեցնել ատելություն պարունակող խոսքը: Խորհրդարանը և կառավարությունը պետք է ընդունի օրենքներ, որոնք արգելում են ատելության խոսքը»,- ասվում է հոկտեմբերի 4-ին հրապարակված զեկույցում: Հանձնաժողովի անդամները նշել են, որ շատ դեպքերում ատելություն քարոզող անձինք անպատիժ են մնում:

ECRI-ը ընդգծել է, որ ատելություն պարունակող խոսքը լայնորեն կիրառվել է հասարակական անձանց և մտավորականների կողմից, ինչպես նաև լրատվամիջոցներում: Հղում անելով «Հրանտ Դինք հիմնադրամի» ամենամյա զեկույցին` հանձնաժողովը նշել է, որ չորս անգամ ավելացել է լրատվության մեջ ատելության քարոզը:

Armenpress.am