Մամուլի տեսություն 10-10-2016
Անվտանգության խորհուրդը ձախողել է Հալեպի մասին առաջարկած երկու բանաձևերի վավերացման գործում
«Շարղ»
Անվտանգության խորհուրդը ձախողել է Հալեպի մասին առաջարկան երկու բանաձևերի վավերացման գործում
Երեք տասնամյակ առաջ ՝ 1986 թվականին , ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հալեպի հին քաղաքը ներկայացրեց որպես համաշխարհային մշակութային ժառանգության քաղաք: Քսան տարի անց, Հալեպը հռչակվեց «Իսլամի մշակութային մայրաքաղաքը»: Այսօր այդ քաղաքը դարձել է խաղաղ բնակիչներին պաշտպանելու հարցում միջազգային անզորության խորհրդանիշը: Ոչ ոք չի անհանգստանում երեխաների մասին, որոնք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությամբ, վտանգի մեջ են:
Նման պայմաններում Անվտանգության խորհուրդը ձախողել է Հալեպի մասին առաջարկան երկու բանաձևերի վավերացման գործում, ինչը վկայում է այն մասին, որ Դամասկոսի աջակից ՝ Ռուսաստանի և ընդդիմադիրներին օգնող արևմտյան երկրների միջև անջրպետ է գոյացել: Ռուսաստանը վետո է դրել Իսպանիայի և Ֆրանսիայի կողմից ներկայացված բանաձևի վրա: Վիտալի Չուրկինը Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնավայրում հայտարարեց, որ Հալեպում հրադադար հաստատելու և թռիչքային արգելված գոտի հայտարարելու մասին Ֆրանսիայի առաջարկած բանաձևի վրա վետո կդի: «Չենք կարող թույլ տալ, որ նման բանաձև վավերացվի»,-հայտարարել է Չուրկինը: Ռուսաստանի ներկայացուցիչը հավելել է, որ Ֆրանսիայի առաջարկած բանաձևում առկա են անընդունելի կետեր:
Դրա դիմաց Ռուսաստանը մի բանաձև էր ներկայացրել ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ապարդյուն հրադադարը վերականգնելու նպատակով: ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն ընդգծել է , որ իր երկիրը վետո կդնի Հալեպում հրադադար հաստատելու վերաբերյալ Ֆրանսիայի առաջարկած նախագծի վրա:
news.am
Ընտրություններ Վրաստանում. Խորհրդարանում կլինի 3 հայ եւ գուցե 4 ադրբեջանցի պատգամավոր. թվեր
Հոկտեմբերի 8-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունենրի արդյունքում այդ երկրի խորհրդարանում կլինի 3 հայ եւ 4 ադրբեջանցի պատգամավոր (4-րդ ադրբեջանցի պատգամավորի հարցը դեռ հստակ չէ), հաղորդում է «Վրաստանի հայկական համայնքը»:
Նշենք, որ այս խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է ձեւավորվի նոր Կառավարությունը։ Վրաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ խորհրդարանական ընտրություններում մասնակցել է 1 814 276 ընտրող, ինչը կազմում է ընտրության ձայնի իրավունք ունեցող (3 513 884 քաղաքացի)երկրի քաղաքացիների ընդհանուր քանակի 51.63%-ը։
Երկրի 1 699 608 քաղաքացի (48,37%) որոշակի պատճառներով հրաժարվել է ներկայանալ ընտրատեղամաս եւ դրանով իսկ արտահայտել իր քաղաքացիական դիրքորոշումը։
Հայաբնակ Ջավախքում ընտրողների ակտիվությունը կազմել է 50.45%։ Այդ կերպ Ախալքալաք-Նինոծմինդա նորաստեղծ ընտրատեղամասում գրանցված 51 843 քաղաքացիներից ընտրություններին է ներկայացել 26 153 մարդ։ Ջավախքի 25 690 բնակիչ ընտրությունների օրը որոշել է այլ գործերով զբաղվել։
Նախնական տվյալների համաձայն՝ Ախալքալաք-Նինոծմինդա ընտրական շրջանում ձայների մեծամասնությունը ստացել է «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական թեկնածու Հենզել Մկոյանը։ Վրաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Մկոյանի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած 15 731 մարդ (63,42%)։ Եթե խորանանք պաշտոնական տվյալների մեջ, դժվար չէ հաշվել, որ Վրաստանի Իններորդ համագումարի Խորհրդարանում «Ջավախքի ներկայացուցչի» ճակատագիրը որոշել է Ջավախքի ընտրողների ընդհանուր քանակի մոտավորապես 31-32%-ը։
Ինչ վերաբերում է այլ պաշտոնական տվյալներին՝ չնայած որ ամբողջ երկրի մասշտաբով ընտրությունները դեռեւս չեն ավարտվել (շատ մեծամասնական շրջաններում քվեարկության երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտություն կա), Իններորդ համագումարի Խորհրդարանի հայ պատգամավորների հարցն արդեն պարզ է։
2016-2020թթ․ Վրաստանի Խորհրդարանում կաշխատեն 3 ազգությամբ հայ պատգամավորներ։ Երեքն էլ ներկայացնում են «Վրացական երազանք» կուսակցությունը՝ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը եւ Ռուսլան Պողոսյանը։
Հետաքրքիր է, որ ադրբեջանաբնակ ընտրական շրջաններում (4 ընտրական շրջան՝ ընտրության իրավունք ունեցող 192 530 քաղաքացիների ընդհանուր քանակությամբ) ընտրություններում ընտրողների մասնակցության ակտիվությունը ամենացածրերից մեկն է եղել՝ 39-45%։
Այն դեպքում, եթե Մառնեուլիի երկրորդ ընտրաշրջանում (գրանցված ընտրողների քանակը 47 832 մարդ) այնուամենայնիվ, քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտություն ծագի, եւ եթե հաղթի Ակմամեդ Իմամկուլիեւ թեկնածուն («Միացյալ Ազգային Շարժումից»), ապա երկրի հաջորդ խորհրդարանում կաշխատեն ազգությամբ ադրբեջանցի 4 պատգամավորներ։
Դեռեւս հայտնի է երեք ադրբեջանցի պատգամավորների մասին, ովքեր հայտնվել են երկրի Խորհրդարանի կազմում՝ Մառնեուլիի առաջին ընտրաշրջանի մեծամասնական երեսփոխանը (Ռուսլան Գաջեւ), մեծամասնական ներկայացուցիչ Գարդաբանիից (Սավալան Միրզոեւը) եւ «Վրացական երազանք» կուսակցության համամասնական ցուցակի 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Մախիր Դարզիեւը։
galatv.am
Չեչեն բռնապետ Կադիրովին քննադատում են մանկական մենամարտեր անցկացնելու համար
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի 3 որդիները՝ Ահմադը (10տ.), Էլին (9տ.) եւ Ադամը (8տ.) մասնակցել են խառը մենամարտերի մրցաշարին, որը Գրոզնիից եթեր են հեռարձակել ռուսաստանյան հեռուստաալիքները, գրում է Ռիկ Գլեդսթոունը The New York Times հանդեսում:
Փոքրիկ մարզիկները հանդես են եկել առանց մարզաշապիկների եւ պաշտպանական հանդերձանքի: Կադիրովի բոլոր որդիները հաղթանակով են ավարտել իրենց մենամարտերը եւ ստացել ոսկե գոտիներ:
«Կադիրովը, ով վերջերս տոնեց իր ծննդյան 40 ամյակը, հպարտացել է երեխաների ձեռքբերումներով եւ մենամարտերի տեսագրությունները տեղադրել Instagram-ի իր էջում: Սակայն, բազմաթիվ ռուսաստանցիներ, այդ թվում սպորտի նախարարության պաշտոնյաները, դժգոհ են նրա այդ պահվածքից»:
ՌԴ խառը մենամարտերի միության նախագահ Ֆյոդր Եմելյանենկոն հայտարարել է, որ, ըստ կանոնների, մինչեւ 12տ. երեխաներին չի թույլատրվում անգամ ներկա գտնվել դահլիճում՝ որպես հանդիսատես, իսկ այնտեղ եղել են 8-ամյա մանուկներ, ովքեր ծեծում էին միմյանց հրճվանք ապրող մեծահասակների աչքերի առջեւ:
«Թեեւ խառը մենամարտերը Ռուսաստանում հայտնի են որպես «մարտեր առանց կանոնների», այնուամենայնիվ դրանք ունեն իրենց կանոնները: Մինչեւ 12տ. երեխաներին արգելվում է մասնակցել մենամարտերին, իսկ մինչեւ 21տ. բոլոր մարզիկները պետք է հանդես գան գլխի պաշտպանական հանդերձանքով»,- նշում է հոդվածագիրը:
«ՌԴ սպորտի փոխնախարար Պավել Կոլոբկովը խոստացել է պարզել իրավիճակը, սակայն դժվար թե քննադատությունների այս տարափը ինչ-որ ազդեցություն գործի նախագահ Վլադիմիր Պուտինի մոլեռանդ համակիր Կադիրովի վրա»,-եզրափակում է The New York Times-ը:
Աղբյուր՝ The New York Times
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան