ԼՂ հակամարտության մոտալուտ կարգավորման հարցում լավատեսության հիմքեր չկան. Կրեմլ
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մոսկվան մեծ լավատեսություն չի զգում մոտ ժամանակներս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և շարունակելու է աշխատել Երևանի ու Բաքվի հետ:
«Ես չէի ասի, որ մենք այստեղ մեծ լավատեսությամբ ենք լցված առաջիկայում այդ հակամարտության, վեճի կարգավորման հարցում: Սակայն մենք, բնականաբար, շարունակելու ենք համառ աշխատանքը թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ»,- ասել է նա:
Ուշակովը դրա հետ մեկտեղ հրաժարվել է ներկայացնել բանակցությունների մանրամասները՝ ընդգծելով, որ քննարկվում են բազմաթիվ առաջարկներ ու տարբերակներ. «Սակայն ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ լավատեսության հիմքեր չեն նկատվում»:
Խոսելով Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու պատճառների մասին՝ Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և լիովին իրավասու է մատակարարելու այն սպառազինությունը, որի շուրջ պայմանավորվել է գործընկերների հետ. «Այստեղ անսպասելի ոչ մի բան չկա որևէ մեկի համար, իմ կարծիքով՝ նաև ադրբեջանցի գործընկերների համար: Ինչպես գիտեք, Ադրբեջանին նույնպես զենք է մատակարարվում»:
1in.am