Պուտինը «մատի վրա խաղացրեց» Քլինթոնին ու Օբամային. Թրամփ
https://parstoday.ir/hy/news/world-i39214-Պուտինը_մատի_վրա_խաղացրեց_Քլինթոնին_ու_Օբամային._Թրամփ
ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփը Նևադա նահանգում կայացած վերջին հեռուստաբանավեճի ընթացքում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային քաղաքականությանն առնչվող բոլոր հարցերում շատ ավելի խելամիտ է գործել, քան իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբաման և Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2016 07:26 Asia/Tehran
  • Պուտինը «մատի վրա խաղացրեց» Քլինթոնին ու Օբամային. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփը Նևադա նահանգում կայացած վերջին հեռուստաբանավեճի ընթացքում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային քաղաքականությանն առնչվող բոլոր հարցերում շատ ավելի խելամիտ է գործել, քան իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբաման և Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Նա (Քլինթոնը-Tert.am) Պուտինին չի սիրում, քանի որ Պուտինը բոլոր հարցերում Քլինթոնին «մատի վրա է խաղացրել»: Պուտինը բոլոր հարցերում՝ լինի Սիրիան, հրթիռները կամ մեկ այլ բան, նույն կերպ է վարվել նաև Օբամայի հետ»,- մեջբերում է tass.ru-ն ԱՄՆ-ի ղեկավարի պաշտոնին հավակնող Թրամփի խոսքերը:

Հանրապետականը որպես օրինակ է բերել Մերձավոր Արևելքը՝ նշելով, որ իրենք՝ ամերիկացիները, 6 տրլն են ծախսել, սակայն ռուսներին է հաջողվել իրենց վերահսկողության տակ առնել տարածաշրջանը:

«Նրան (Քլինթոնին-Tert.am) խորամանկեցին ու խաբեցին շատ ավելի վատ, քան երբևէ իմ ճանաչած որևէ քաղաքական գործչի»,- շարունակել է թեկնածուն:

Միևնույն ժամանակ, էքսցենտրիկ հանրապետականը հերքել է Ռուսաստանի իշխանությունների հետ կապի մեջ լինելու խոսակցությունները՝ ասելով, որ երբևիցե չի հանդիպել Պուտինին ու չի ճանաչում նրան:

«Նա իմ ընկերը չէ, բայց եթե ԱՄՆ-ն «լեզու գտներ» Ռուսաստանի հետ, վատ չէր լինի»,- եզրափակել է Թրամփը:

Մինչդեռ korrespondent.net-ը հավելում է, որ Քլինթոնն այս ամենին ի պատասխան ասել է, որ Թրամփն այսպես է խոսում, քանի որ անմիջական օգնություն է ստանում Պուտինից:

«Դա ակնհայտ է, նա (Պուտինը-Tert.am) ուզում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում խամաճիկի պես օգտագործել քեզ»,-ասել է դեմոկրատների թեկնածուն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը,  ամերիկյան CNN հեռուստաընկերության գնահատականի համաձայն՝ Հիլարի Քլինթոնը հաղթանակ է տարել նախագահական վերջին հեռուստաբանավեճում:

Նշվում է, որ CNN-ի հարցման արդյունքները ցույց են տվել, որ նախկին պետքարտուղարին հաղթող է անվանել հարցման մասնակիցների 52 տոկոսը:

Հանրապետական Դոնալդ Թրամփին իր ձայնն է տվել հարցման մասնակիցների 39 տոկոսը:

Հայտնի է նաև, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Թրամփն ու դեմոկրատների թեկնածու Քլինթոնը խախտել են ավանդույթն ու բանավեճը սկսել առանց ձեռքսեղմման:

Tert.am