Մամուլի տեսություն 24-10-2016
Լեռնային Ղարաբաղում առաջին հրադադարը հաստատվել է Իրանի ջանքերով, տեղեկացրել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին:
aysor.am
ԻԻՀ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղում առաջին հրադադարը հաստատվել է Իրանի ջանքերով
Լեռնային Ղարաբաղում առաջին հրադադարը հաստատվել է Իրանի ջանքերով, իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով ԼՂ հակամարտության վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը, մասնավորապես ասել է. «Իրանն առաջին երկիրն է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն է իրականացրել, մենք կարևոր դերակատարություն ենք կատարել՝ կարողանալով առաջին հրադադարը հաստատել Ղարաբաղում»:
Շարունակելով խոսքը` Բահրամ Ղասեմին հավելել է. «Ինչ վերաբերում է նրան, թե այդ հարցն այսօր քննարկվում է կամ կքննարկվի նախագահ Հասան Ռոհանիի այցի ընթացքում, երկկողմ հետաքրքրության շրջանակներին վերաբերող հարց է: Հույս ունենք, որ հակամարտությունը արդար հանգուցալուծում կստանա և բոլոր կողմերի իրավունքները կիրացվեն»:
Անդրադառնալով Իրանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին՝ ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակը ասել է. «Իրանի հարաբերություններն իր հյուսիսային հարևանների հետ լավ են: Եթե Ռուսաստանին չհաշվենք, ապա Հայաստանն Իրանի միակ քրիստոնյա հարևանն է: Ինչ վերաբերում է ԻԻՀ նախագահի այցին, ապա հուսով ենք, որ Հասան Ռոհանիի այցը Հայաստան տեղի կունենա հնարավոր շուտ ժամկետում»:
«Շարղ»
Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների հետ կապված հույսերն ու մտավախությունները
2016 թվականի հուլիսի 15-ը մնալու է Թուրքիայի ժողովրդի մտքում ՝ ինչպես 11 սեպտեմբերն անջնջելի հետք է թողել ամերիկացիների մոտ: Այդ երեկո Թուրքիայում մի փոքր խումբ, որի մեծ մասը բանակի սպաներ էին, փորձեցին ռազմական հեղաշրջում իրականացնել Թուրքիայում ՝ նախագահ ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի դեմ մահափորձ կազմակերպելով: Թուրքիայի բանակի ռազմաօդային ուժերը ռմբակոծեցին խորհրդարանը : Նախագահ Էրդողանի ուղերձով ժողովուրդը փողոց դուրս եկավ և կարճ ժամանակ անց, հեղաշրջման փորձը հօդս ցնդեց: Լրատվամիջոցները հեղաշրջման այդ փորձն անսովոր գնահատեցին: Նախկին չորս հեղաշրջումներն ուղեկցվել էին ժողովրդավարության պաշտապնման ուղղությամբ ժողովրդի աջակցությամբ, սակայն այս անգամ երկրի ռազմական ու քաղաքական ոչ մի թև չպաշտպանեց այդ քայլը: Հեղաշրջման փորձը դատապարտվեց Թուրքիայի բոլոր կուսակցությունների կողմից : Ասվում է , թե հեղաշրման հեղինակն էր Գյուլենը, ով ապրում է ԱՄՆ-ում: Էրդողանն ԱՄՆ-ից պահանջել է արտահանձնել Գյուլենին : Հարցը պարբերաբար քննարկվում էր Օբամայի հետ հեռախոսզրույցներում ՝ ընդհուպ մինչև հուլիսի 19-ը: Հեղաշրջման փորձում ամերիկացիների մասնակցության վարկածն այնքան լայն տարածում գտավ երկրում, որ այսօր էր Թուրքիայում շատերը համոզված են, որ այդ քայլերում ամերիկացիներն ունեցել են մեղքի իրենց բաժինը:
Սեպտեմբերի չորսին չինաստանում ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը, Թեյեբ Էրդողանը գնահատեց ԱՄՆ-ի ջանքերը ՝ հեղաշրջման փորձը դատապարտելու համար: Դիրքորոշման այդ կտրուկ փոփոխման արդյունքում, երկու երկրի հարաբերությունները ստացան բնականոն ընթացք: Երկու երկրների միջև կան քննարկվելի հարցեր: Առաջինը ՝ Սիրիայի ճգնաժամն է: Սիրիայի վրա Թուրքիայի հարձակումից հետո, փակվեց երկու երկրի սահմանագոտում ԻԼԻՊ-ի հսկողության տակ գտնվող վերջին զորակայանը, ինչին երկար ժամանակ ձգտում էր ԱՄՆ-ը:
ԱՄՆ-ի օգտին տեղի ունեցած վերջին իրադարձությունն այն էր, որ Թուրքիան ամերիկյան հատուկ օժերից օգնություն խնդրեց : Ամփոփելով ասենք, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները հեղաշրջման փորձից հետո սովորական հունին են վերադարձել: սա ի հարկե ոչ մի հարց չի լուծում, սակայն պայմաններն առավել նպաստավոր են իրավիճակը կայունացնելու համար:
news.am
Սկակով. Մոսկվան Ռուսաստանի հեղինակությունն ու շահերը խաղասեղանին չի դնի՝ հանուն Բաքվի ամբիցիաների
Մոսկվայում չկան այնպիսի միամիտ մարդիկ, որոնք կարող են Ադրբեջանի հավակնությունների պատճառով խաղասեղանին դնել տարածաշրջանում Ռուսաստանի հեղինակությունն ու շահերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին, թե իր երկիրը կարող է անդամակցել ԵՏՄ-ին, քաղաքագետը նշեց, որ դա շատ ավանդական, հերթական եւ ոչինչ չպարտադրող հայտարարություն էր: «Ինչ վերաբերում է մոտիվացիային, անխոս, խոսքը քաղաքականության մասին է, եւ այդ մոտիվացիայի էությունն է հասնել նրան, որ Մոսկվան պաշտպանի Ադրբեջանի հավակնությունները ղարաբաղյան հակամարտությունում: Սակայն դա անհնար է, քանի որ Մոսկվայում չկան այնպիսի միամիտ մարդիկ, որոնք կարող են խաղասեղանին դնել տարածաշրջանում Ռուսաստանի շահերը»,- ասել է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում Ալիեւը հայտարարել էր, թե չի կարելի բացառել ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը, սակայն երկիրն իրեն դեռ վստահ է զգում ներկայիս կարգավիճակում:
galatv.am
Գերմանիան չի կարողանում ձերբազատվել փախստականներից
«Ըստ Դուբլինյան համաձայնագրի, մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերը Գերմանիան ծրագրել էր Շենգենյան գոտու մյուս երկրներ ուղարկել 40 հազար փախստականի: Սակայն մեկնել է ընդամենը 2860 մարդ»,-տեղեկացնում է Die Welt թերթը:
«Եվրոպական օրենսդրության համաձայն, այն փախստականները, ովքեր ի սկզբանե գրանցվել են, ասենք, Իտալիայում կամ Շվեյցարիայում, իրավունք չունեն մնալ Գերմանիայի տարածքում: Ապաստան ստանալու նոր հայտերը դատապարտված են մերժման»:
Ինչպես նշում է հոդվածագիր Ֆիլիպ Կունը, այդ կանոնները շատ հազվադեպ են գործում:
«Միգրացիոն ճգնաժամի ֆոնին ակնհայտ են դառնում Դուբլինյան համաձայնագրի թերությունները: Հիմնականում փախստականների տեղափոխության հարցում թերանում են ընդունող երկրները: Շատ փախստականներ, ովքեր ապաստան ստանալու հայտ են ներկայացրել, տարբեր պետական ատյաններում, դատարաններում վիճարկում են Գերմանիայից տեղափոխման որոշումը: Իսկ մինչ համապատասխան գերատեսչություններն ուսումնասիրում են այդ դիմումները, կարող են անցնել ամիսներ, եւ որոշ դեպքերում Գերմանիայից տեղափոխման որոշումները չեղարկվում են»,-գրում է Die Welt-ը:
Աղբյուր` Die Welt
Թարգմ.` Էդուարդ Մխիթարյան