ԵԽ զեկուցողն առաջարկել է առկախել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i41296-ԵԽ_զեկուցողն_առաջարկել_է_առկախել_Թուրքիայի_հետ_ԵՄ_անդամակցության_շուրջ_բանակցությունները
Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Յոհաննես Հանը համատեղ հայտարարություն են տարածել` կապված Թուրքիայում քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 11 պատգամավորների, այդ թվում և կուսակցության համանախագահների ձերբակալության հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2016 06:01 Asia/Tehran
  • ԵԽ զեկուցողն առաջարկել է առկախել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները

Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Յոհաննես Հանը համատեղ հայտարարություն են տարածել` կապված Թուրքիայում քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 11 պատգամավորների, այդ թվում և կուսակցության համանախագահների ձերբակալության հետ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՄ արտաքին գործերի ծառայությունից:

«Եվրամիությունը լրջորեն անհանգստացած է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության մի շարք անդամների ձերբակալման փաստի առնչությամբ, ովքեր մեղադրվում են ահաբեկչական գործողություններին աջակցելու մեջ: Այս զարգացումները գումարվել են այն մտահոգություններին, որոնք մենք հայտնել ենք այս տարվա մայիսին ժողովրդավարական ճանապարհով ընտրված ավելի քան 130 պատգամավորի անձեռնմխելիությունը վերացնելու ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ ներկայացուցիչները օրինական են համարել Թուրքիայում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունները, սակայն ընդգծել են, որ դրանք չպետք է հակասեն ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին:

«Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կպաշտպանի իր խորհրդարանական ժողովրդավարությունը` այդ թվում և հարգելով մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, և մենք մեր ակնկալիքներն ուղղակիորեն փոխանցում ենք թուրքական իշխանություններին: Եվրոպայի խորհրդի հետ Եվրամիությունը շարունակելու է ուշադիր կերպով հետևել իրադրությանը` մշտական կապի մեջ լինելով ԵՄ անդամ պետությունների հետ»,- նշվում է Մոգերինիի և Հանի հայտարարության եզրափակիչ հատվածում:
Եվրոպայի խորհրդի` Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին, անդրադառնալով Թուրքիայի վերջին զարգացումներին, BBC-ի թուրքական ծառայությանը ասել է, որ Բրյուսելից հստակ ազդանշանի է սպասում Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններն առկախելու վերաբերյալ:

Armenpress.am