Մեծ Բրիտանիան Ռուսաստանի սահմանին կտեղակայի բարձր ճշգրտությամբ հրթիռային համակարգեր
«Հաջորդ տարի Մեծ Բրիտանիան սառը պատերազմի ժամանակաշրջանից հետո առաջին անգամ Ռուսաստանի սահմանին,առավելապես Էստոնիայում, կտեղակայի հեռահար հրթիռային համակարգեր, Daily Mail–ում գրում է Մարկ Նիկոլը: Դա արվելու է կապված այն մտավախությունների հետ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ծրագրել ներխուժումն Էստոնիա»,- ասվում է հոդվածում:
«Հրթիռների տեղակայումը ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից իրականացվող միջոցառումների մի մասն է՝ Բալթյան երկրները պաշտպանելու նպատակով: Հաջորդ տարի Էստոնիա կմեկնեն առնվազն 800 բրիտանացի զինծառայող՝ զինվորական ստորաբաժանման կազմում, որի մեջ ընդգրկված են 15 երկրների զինծառայողներ, այդ թվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Դանիայի»:
Հեղինակը պնդում է, որ Էստոնիայի եւ Բալթյան այլ երկրների անվտանգության առումով մտավախությունը մեծացել է այն ժամանակվանից, երբ ԱՄՆ-ի նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, ով կասկածի տակ էր առել ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածը, համաձայն որի դաշինքը պետք է պաշտպանի իր յուրաքանչյուր անդամին ռազմական ագրեսիայից:
Փորձագետ, բրիտանական բանակի նախկին հրամանատար Ռիչարդ Շիրեֆը Daily Mail-ին հայտնել է, որ ռուսաստանյան ագրեսիային հակահարված տալու համար անհրաժեշտ է Էստոնիայում տեղակայել հարյուրավոր բրիտանացի զինծառայողների:
«Եթե այդ ռազմական ստորաբաժանումը մշտական չլինի, այն հուսալի չի լինի,- ասել է Շիրեֆը,- 800 բրիտանացի զինծառայողների տեղակայումը լավ սկիզբ է: Ես կցանկանայի նաեւ տեսնել, որ Մեծ Բրիտանիան ղեկավարեր Բալթյան երկրների պաշտպանական գործընթացը: Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է հասկացնել տա, որ պատրաստ է եւ ի վիճակի է պաշտպանել իր գործընկերներին: Վախենում եմ, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը չհաստատի ԱՄՆ-ի պատրաստակամությունը 5-րդ հոդվածն իրականացնելու հարցում, եւ Ռուսաստանը կօգտվի այդ իրավիճակից: Մասնավորապես, նա կարող է ռազմական արկածախնդրություն իրականացնել Բալթյան երկրներում: ՆԱՏՕ-ի ձեւավորման պահից Եվրոպայի պաշտպանական համակարգը կայուն է եղել միայն լիարժեք համոզվածության շնորհիվ, որ ով էլ ղեկավարի Սպիտակ տունը, ԱՄՆ-ն օգնության է հասնելու դաշինքի մյուս անդամներին»:
galatv.am/