Թուրքիան մտադիր չէ հետ կանչել Եվրամիությանն անդամակցության հայտը. Յըլդըրըմ
Թուրքիան մտադիր չէ հետ կանչել Եվրամիությանն անդամակցության հայտը, բայց Բրյուսելը պետք է գիտակցի, որ առանց Անկարայի իր անվտանգությունն ապահովել հնարավոր չէ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ մեր դիմումը հետ կանչելու որոշում մենք չունենք և չենք ունեցել: Եվրամիությանը հարկավոր է շատ լավ մտածել այն քայլերի մասին, որոնք նրանք ձեռնարկում են՝ ոչ մեզ համար, այլ սեփական ապագայի համար: Իսկ Եվրամիության ապագան և անվտանգությունն առանց Թուրքիայի հնարավոր չէ»,- ասել է նա:
Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստին հավանության է արժանացրել բանաձևը, որը կոչ է անում դադարեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները՝ թուրքական իշխանությունների գործողությունների ֆոնին: Դա Անկարայում սուր արձագանք է առաջացրել: