Թուրքիայի քրդամետ կուսակցությունը բոյկոտել է Սահմանադրական փոփոխությունների քննարկման նիստը
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) պատգամավորները հայտարարել են, որ չեն մասնակցելու խորհրդարանում Սահմանադրական փոփոխությունների քննարկումներին ու չեն քվեարկելու։
Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը, Սալահեդդին Դեմիրթաշի գլխավորած «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» խոսնակ՝ Այհան Բիլգենը երեքշաբթի օրը հայտարարել է, որ քանի դեռ իրենց կուսակցության նախագահն ու մի շարք պատգամավորներ գտնվում են կալանքի տակ, չեն մասնակցելու իրենք սահմանադրական փոփոխությունների հետ կապված քվեարկություններին ու քննարկումներին։
Թուրքիայի խորհրդարանում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) 59 պատգամավորներից 11-ը գտնվում են բանտում: Նրանք մեղադրվում են Քուրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) պաշտպանելու մեջ:
Նշենք, որ երկուշաբթի օրը Թուրքիայի խորհրդարանի օրակարգ է բերվել սահմանադրական փոփոխությունների նոր փաթեթը, որը նախատեսում է անցում կառավարման նախագահական համակարգին։ Նախագիծը վավերացվելու համար պահանջում է 550 պատգամավորներից 330-ի համաձայնությունը: