ԱՄՆ-ի իսլամական էմբարգոն՝ միջազգային սկանդալի պատճառ
https://parstoday.ir/hy/news/world-i52889-ԱՄՆ_ի_իսլամական_էմբարգոն_միջազգային_սկանդալի_պատճառ
ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականության փոփոխությունը երկրում բողոքի մասսայական ակցիաների եւ միջազգային հանրության շրջանում քննադատությունների պատճառ հանդիսացավ: Ամերիկյան մի շարք քաղաքներում չեն դադարում ցույցերն ընդդեմ միգրացիոն քաղաքականության կոշտացման, հաղորդում է CNN-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2017 13:39 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի իսլամական էմբարգոն՝ միջազգային սկանդալի պատճառ

ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականության փոփոխությունը երկրում բողոքի մասսայական ակցիաների եւ միջազգային հանրության շրջանում քննադատությունների պատճառ հանդիսացավ: Ամերիկյան մի շարք քաղաքներում չեն դադարում ցույցերն ընդդեմ միգրացիոն քաղաքականության կոշտացման, հաղորդում է CNN-ը:

Ինչպես հայտնի է, մուսուլմանական 7 երկրների՝ Իրաքի, Իրանի, Սիրիայի, Սուդանի, Եմենի, Լիբիայի եւ Սոմալիի քաղաքացիներին արգելվել է ժամանակավորապես մուտք գործել ԱՄՆ:

Հատկապես մեծ պատրաստակամությամբ են թեման շրջանառում ռուսաստանյան լրատվամիջոցները: ՏԱՍՍ գործակալության տեղեկություններով, առավել հզոր ցույցեր են տեղի ունենում Նյու-Յորքում, Դենվերում, Չիկագոյում եւ Վաշինգտոնում:

Դժգոհություններ են հասունանում նաեւ ամերիկյան խոշորագույն ընկերություններում, գրում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկի խոսքերը. «Apple-ը չէր կարող անգամ գոյություն ունենալ առանց միգրանտների, ուր մնաց թե բարգավաճեր եւ զարգանար, ինչպես դա տեղի է ունենում այժմ»:

«Նոր հրամանն ուղղակիորեն ազդել է մեր որոշ աշխատակիցների վրա, եւ Apple-ը կանի ամեն ինչ նրանց օգնելու համար: Ընկերության ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Սպիտակ տան հետ եւ փորձել են բացատրել, թե ինչ  բացասական ազդեցություն կունենա այդ հրամանը»,-հայտնել է Կուկը:

Uber ընկերության ղեկավար Թրեվիս Կալանիկը նույնպես մտահոգություն է հայտնել նախագահի քաղաքականության առնչությամբ՝ ընդգծելով, որ իր աշխատակիցները նույնպես հարվածի տակ են հայտնվել: Այդ քննադատություններին աջակցություն են հայտնել նաեւ Netflix ընկերության ղեկավար Ռիդ Հեյսթինգսը եւ Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին: Վերջինս նշել է. «Մեր ընկերությունները հաջողությունների են հասել այն պատճառով, որ այնտեղ աշխատել են միգրանտները: Նախագահի հրամանը վնաս կհասցնի ԱՄՆ-ի տնտեսությանը»:

Արտերկրում Թրամփի որոշման դեմ ամենաբուռն արձագանքը եղավ Իրանում: Այդ երկրի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի իշխանությունների որոշումն անվանել է «մեծ նվեր ծայրահեղականներին»: «Մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքի արգելքը պատմության էջերում կգրվի որպես «մեծ նվեր ծայրահեղականներին եւ նրանց համակիրներին»,-նշել է Զարիֆը:

Թրամփի միգրացիոն քաղաքականության քննադատությամբ են հանդես եկել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: «Ահաբեկչության դեմ ակտիվ պայքարն անհրաժեշտ է, սակայն դա չի կարող հիմք հանդիսանալ, որ կասկածի տակ հայտնվեն կոնկրետ ծագում եւ դավանանք ունեցող մարդիկ»,-ասել է կանցլերը: Իսկ Reuters-ը մեջբերել է Մեյի խոսքերը. «Դա ԱՄՆ-ի կառավարության գործն է, սակայն մենք համաձայն չենք նման մոտեցմանը»:

«Մի քանի միջոց ձեռնարկելով նախագահ Թրամփն ամերիկյան արտաքին քաղաքականության մասին պատկերացումները վերջին 7 օրվա ընթացքում ավելի շատ փոխեց, քան նրա նախորդները վերջին 7 տասնամյակում»,-գրում է Դեյվիդ Սենջերը The New York Times-ում:

«Պետությունը, որն իր միջազգային իմիջը ստեղծել է որպես ամբողջ աշխարհի հավակնոտ կամ կարիքավոր մարդկանց համար բաց հասարակություն, այսօր, Թրամփի հրամանից հետո, հանդես է գալիս նրանց առջեւ դռները փակողի դերում, ինչպիսին չի եղել անգամ 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո»,-նշում է Սենջերը:

ԿՀՎ նախկին տնօրեն եւ պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսը պնդել է, որ Թրամփը ռիսկի է դիմում ուժեղացնելու այն զգացումը, որ Ամերիկան հեռանում է աշխարհից եւ մեկուսանում է պարսպապատվելով՝ ստեղծելով իշխանության վակուում: «Իսկ այդ վակուումը կլցնեն չար ուժերը»,-ընդգծել է Գեյթսը:

«Իրանցի որքա՞ն ահաբեկիչների է հաջողվել ահաբեկչություն իրականացնել ԱՄՆ-ում, որքա՞ն ահաբեկիչներ են Սուդանից եկել ԱՄՆ, կամ Եմենից ու Լիբիայից»,- The American Conservative-ում գրած իր հոդվածում հարց է ուղղում ամերիկացի փորձագետ Ֆիլիպ Ջիրալդին:

«Այդ հարցերը պատասխան չունեն: ԱՄՆ-ում ահաբեկչություններն իրականացվել են պակիստանցիների, Կենտրոնական Ասիայի քաղաքացիների կողմից, եղել են Սոմալիի 1 քաղաքացի, 1-2 եգիպտացի եւ Սաուդյան Արաբիայի մեծ թվով ներկայացուցիչներ: Սոմալին հայտնվել է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելվել է, սակայն ցուցակում տեղ գտած մյուս երկրների քաղաքացիները երբեք ահաբեկչություն չեն իրականացրել: Այնուամենայնիվ, նրանք հայտնվել են ցուցակում: Միեւնույն ժամանակ, Պակիստանը եւ Սաուդյան Արաբիան, որտեղ ամերիկացիների նկատմամբ ծայրահեղ բացասական վերաբերմունք կա եւ որտեղից ժամանել են ամենամեծ թվով ահաբեկիչները, ցուցակում չեն հայտնվել»,- գրում է The American Conservative-ի հոդվածագիրը:

galatv.am/