Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահ
https://parstoday.ir/hy/news/world-i54035-Ֆրանկ_Վալտեր_Շթայնմայերն_ընտրվել_է_Գերմանիայի_12_րդ_նախագահ
Գերմանիայի նախկին ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը ընտրվել է երկրի 12-րդ նախագահ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2017 18:28 Asia/Tehran
  • Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահ

Գերմանիայի նախկին ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը ընտրվել է երկրի 12-րդ նախագահ:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, նա ստացել է հաղթանակի համար անհրաժեշտ աջակցությունը Գերմանիայի Դաշնային ժողովի պատվիրակների կողմից: Այս մարմինը գումարվում է հատուկ երկրի ղեկավարին ընտրելու համար:

Դաշնային ժողովը, որը կազմված է 1260 պատվիրակներից, նիստն անցկացնում է Բեռլինի ռեյխստագի պատմական շենքում:  Պատվիրակների մի մասը Բունդեսթագի պատգամավորներն են, մյուս մասը դաշնային վարչական շրջանների ներկայացուցիչները:

«Թեկնածու Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն ստացել է անհրաժեշտ ձայների քանակն ու ընտրվել Գերմանիայի նախագահի պաշտոնում», - հաստատել է Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը: Շտայնմայերն ստացել է 931 ձայն:

Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտին: Գործող նախագահ Յոահիմ Գաուկի պաշտոնավարման ժամկետը լրանում է մարտի 18-ին:

Գերմանիայի նախագահը հիմնականում ներկայացուցչական գործառույթներ է կատարում, երկրի ներքին և արտաքին քաղաքականության հարցերով զբաղվում է կառավարությունը` կանցլերի գլխավորությամբ:

Tert.am