Ռուս-բելառուսական փոխհարաբերությունները գտնվում են ճգնաժամային իրավիճակում
Ռուս-բելառուսական փոխհարաբերությունները գտնվում են ճգնաժամային իրավիճակում՝ չնայած խորը եւ սերտ համագործակցության առկայությանը՝ պայմանավորված գոյություն ունեցող պետական կազմակերպություններով, որի մեջ ներառված են Մոսկվան եւ Մինսկը:
1990-ական թվականներին երկու պետությունների միջեւ ինտեգրման գործընթացների տրամաբանական զարգացումը եղել է 1999թ.-ի վերջին ստորագրված պայմանագիրը, որով Ռուսաստանը եւ Բելառուսը ստեղծեցին Միութենական պետություն: 2000թ.-ի սկզբին ձեւավորվում է միասնական բյուջե: Այն համարվում է կարեւորագույն ցուցիչ, որը բնութագրում է ինտեգրման մասշտաբների ծավալը եւ ֆինանսական հնարավորությունները: Մոսկվան եւ Մինսկը սերտ համագործակցում են ռազմատնտեսական ոլորտում՝ գտնվելով այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են ԵվրԱզէսը եւ ՀԱՊԿ-ը:
Այդ ամենից բացի այդ երկրներին միավորում է նաեւ պատմական եւ մշակութային սերտ կապերը:
Թվում էր՝ այս երկրների միջեւ չէր կարող որեւէ տարաձայնություն առաջանալ, որը կարճ ժամանակում չհարթվեր բանակցությունների ճանապարհով, սակայն խնդիրներ, այնուամենայնիվ, կան: Խնդիրները հիմնականում առաջացել են առեւտրատնտեսական ոլորտում: Կողմերը չեն կարողանում պայմանավորվել նավթի, գազի, մսի եւ կաթնամթերքի մատակարարման գների շուրջ: Նման ընդհարումներ հաճախ են եղել նաեւ հաջորդող տարիներին: Եթե նախկինում երկու երկրների միջեւ բոլոր փոխադարձ պահանջները լուծվում էին նախագահների մակարդակով՝ հիմնական մեղքը բարդելով ցածր կոչումով պաշտոնյաների վրա, ապա հիմա երկու պետությունների ղեկավարների միջեւ եւս լարվածությունն աճում է:
Փոխադարձ դժգոհությունները եւ երկու կողմերի բացասական տեղեկատվական դաշտը նոր սկանդալներ են ստեղծում: Դրանցից են, օրինակ, ռուսամետ հրապարակախոսների ձերբակալումը, Լուկաշենկոյի՝ ՀԱՊԿ-ի գագաթաժողովին մասնակցելուց հրաժարվելը, Մինսկի որոշումը բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ: Սակայն դրանցով չի ավարտվում հակամարտությունների ամբողջ ցուցակը: Բելառուսի հետ սահմանային գոտի սահմանելու ԱԴԾ-ի որոշումը դե-ֆակտո նշանակում է անձնագրային վերահսկողություն սահմանել այնտեղ, որտեղ երբեք նման բան չէր եղել: Իսկ Բելառուսն արգելեց երկիր մուտք գործել ինքնահռչակ ԴԺՀ եւ ԼԺՀ անձնագրերով:
Ինչ վերաբերում է նավթի շուրջ ծագած տարաձայնություններին, ապա այստեղ Բելառուսն աննախադեպ քայլ է կատարել՝ Իրանից գնելով նավթ, դրանով ՌԴ գործընկերներին հասկացնելով, որ Մինսկը պատրաստ է փնտրել այլընտրանք ռուսաստանյան նավթի համար:
Հակամարտության սրման աճի մասին վկայում է նաեւ Լուկաշենկոյի մամլո ասուլիսը, որը տեղի է ունեցել 2017թ.-ի փետրվարին: Քաղաքական գործչի ելույթն ավելի շատ զգացմունքային էր, քան քաղաքական: Երբ Բելառուսի նախագահին պաշտոնական Մոսկվայի վերաբերյալ հարց տվեցին, նա գրեթե մեկ ու կես ժամ խոսեց, եւ հետագայում, նույնիսկ երբ հարցերը չէին վերաբերում Կրեմլին, Լուկաշենկոն կրկին խոսում էր ցավոտ խնդրից:
Ահա հիմնական թեմաները՝ կապված Ռուսաստանի հետ, որոնց վրա ուշադրություն դարձրեց Լուկաշենկոն մամլո ասուլիսի ժամանակ.
1.Ռուսաստանը խախտել է նավթի, գազի եւ ընդհանուր սահմանի վերաբերյալ միջազգային պայմանագրերը: Լուկաշենկոն հայտնել է նաեւ, որ դատի է տվել Ռուսաստանին նավթի եւ գազի շուրջ վեճի պատճառով, ԵվրԱզԷՍ-ի մաքսային մարմիններից ետ է կանչել Բելառուսի ներկայացուցչին: Նա նաեւ ասել է, որ չի ստորագրելու ԵվրԱզԷՍ-ի ոչ մի մաքսային օրենք, մինչեւ նավթի եւ գազի հետ կապված բոլոր խնդիրները չլուծվեն: Նախագահի խոսքերով՝ «Ռուսաստանը Բելառուսին չի վերաբերվում որպես անկախ պետության»:
2.Խոսելով Ռուսաստանում բելառուսական ապրանքների արգելքի մասին՝ Լուկաշենկոն հանձնարարեց ՆԳ նախարարին ուսումնասիրել, թե հնարավո՞ր է քրեական գործ հարուցել Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի նկատմամբ:
3.Ինչ վերաբերում է Բելառուսի տարածքում ռուսաստանյան ավիաբազայի տեղակայման հարցին, ապա դա նույնպես մերժվեց, չնայած, որ վերջին մեկ տարվա ընթացքում Մոսկվան չի էլ պնդել:
4.Ինչ վերաբերում է ԱԴԾ-ի որոշմանը բելառուսական սահմանին վերահսկողության հաստատմանը, ապա Լուկաշենկոն խոստացավ ռուսաստանյան կողմին նույն կերպ չպատասխանել, որպեսզի ավելորդ խնդիրներ չստեղծի ռուսաստանցիների համար:
Եթե վերլուծենք Լուկաշենկոյի ամբողջ ելույթը մամլո ասուլիսի ժամանակ, նա, այնուամենայնիվ, փորձում էր զգուշորեն արտահայտվել, հատկապես Պուտինի հասցեին, դրանով Ռուսաստանի նախագահին հնարավորություն տալով ցանկության դեպքում հաշտեցման գնալ՝ բոլոր խնդիրները վերագրելով ենթականերին:
Սակայն հիմա ամեն ինչ ավելի է բարդացել: Լուկաշենկոյի վրդովմունքի պատճառն այն է, որ նա ցանկանում է բանակցությունների սեղանին վերադարձնել նախկին Պուտինին, ով, չնայած փոխադարձ հակակրանքի, միշտ վեճերին տվել է դրական հանգուցալուծում: Երկու երկրների էլիտաներն էլ երկկողմ ինտեգրման համար կպահպանեն բազմաթիվ ձեւաչափեր՝ Միասնական պետություն, ՀԱՊԿ, ԵվրԱզԷՍ եւ ԱՊՀ: Դա ձեռնտու է ինչպես Բելառուսին, ով այդ հարցում տեսնում է տնտեսական հեռանկարներ, այնպես էլ Ռուսաստանին, ով տվյալ իրավիճակում հանդես է գալիս որպես հարեւան երկրների ձգողականության գրավիչ կենտրոն:
Երկրների միջեւ միշտ էլ լինելու է սեփական շահերն առաջ տանելու պայքարը: Մոսկվան Մինսկին դիտարկում է որպես իր գաղութի նախկին մետրոպոլիա: Այդ պատճառով էլ նրանց համար դժվար է ընդհանուր եզրեր գտնել: Մինսկը Ռուսաստանից պահանջում է հարգել իր ինքնիշխանությունը, ինչը Ռուսաստանը չի կարող տալ իր գործընկերներին:
galatv.am