Եվրոպական խորհրդարանը պահանջել է վիզա սահմանել ԱՄՆ-ի քաղաքացիների համար
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները պահանջել են ԵՄ-ի անդամ երկրների տարածք մտնելու համար վիզա սահմանել ամերիկացիների համար:
Համաձայն Բրյուսելից «Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման` Եվրոպական խորհրդարանը հինգշաբթի օրը Եվրոպայի հանձնաժողովից պահանջել է չեղարկել ԵՄ մուտք գործելու համար ամերիկացի քաղաքացիներին վիզայից ազատելու մասին օրենքը, քանի որ ԱՄՆ-ն պատրաստ չէ փոխադարձ քայլի դիմել ԵՄ-ի անդամ հինգ երկրների քաղաքացիների դեպքում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ քննադատել է ԵՄ-ին և մշտապես պաշտպանել ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալը:
Բուլղարիայի, Խորվատիայի, Կիպրոսի, Լեհաստանի ու Ռումինիայի քաղաքացիներն ԱՄՆ-ի տարածք մուտք գործելու համար պարտավոր են վիզա ստանալ:
Դա ի տես այն բանի, որ ամերիկացիները ԵՄ-ի տարածք մուտք գործելու և մինչև երեք ամիս այդտեղ բնակվելու համար վիզայի կարիք չունեն:
2014 թվականից ի վեր, ԵՄ-ն ԱՄՆ-ից պահանջել է նույն որոշումն ընդունել եվրոպացի քաղաքացիների համար, որոնց թիվը հասնում է շուրջ 500 միլիոն հոգու: