Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիային խուսափել բաց առճակատումից
Գերմանիայի արտգործնախարարությունը կոչ է անում Անկարային խուսափել հարաբերություններում բաց առճակատումից՝ երկու երկրների շահերից ելնելով: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ոչ ոք չի կարող, չպետք է շահագրգռված լինի նրանում, որ մենք Թուրքիայի հետ՝ թուրքական կառավարության, թուրքական պետության և նախևառաջ թուրք հասարակության հետ, հասնենք բաց առճակատման: Դա չի կարող բխել Բեռլինի շահերից, ակնհայտ է, որ դա նաև չի բխում Անկարայի շահերից, ամեն դեպքում՝ մենք հույս ունենք: Այդ պատճառով մեր կոչն ուղղված է Գերմանիայում և Թուրքիայում բոլորին, ովքեր շահագրգռված են լավ և փոխադարձ հարաբերություններով՝ կրակ չլցնել անգամ բարդ ժամանակներում»,- ասել է Շեֆերը:
Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են երկուշաբթի Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին:
tert.am/