Գերմանիայի կառավարությունն անհեթեթ է համարել Էրդողանի հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i56068-Գերմանիայի_կառավարությունն_անհեթեթ_է_համարել_Էրդողանի_հայտարարությունը
Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտն արձագանքել է Թուրքիայի նախագահի հայտարարությանը, որում Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր գերմանական կողմից նացիստական պահվածք դրսևորելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2017 13:01 Asia/Tehran
  • Գերմանիայի կառավարությունն անհեթեթ է համարել Էրդողանի հայտարարությունը

Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտն արձագանքել է Թուրքիայի նախագահի հայտարարությանը, որում Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր գերմանական կողմից նացիստական պահվածք դրսևորելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, Զայբերտը «հորինված» և «անտեղի» է համարել նման հայտարարությունները:

«Նացիստական համեմատությունները միշտ անհեթեթ են և անտեղի»,- հայտարարել է Զայբերտը: Ասելով, որ գերմանական կառավարությունը մշտապես մեծ կարևորություն է տվել Թուրքիայի հետ հարաբերություններին` խոսնակն այդուհանդերձ ընդգծել է, որ «ներկայիս օրերում խորը տարաձայնություններ կան»:

Նա հերթական անգամ հորդորել է թուրքական կողմին ազատ արձակել գերմանական Die Welt պարբերականի ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին քննադատել էր գերմանական իշխանություններին այն բանի համար, որ թուրք նախարարներին արգելվել է երկրում սահմանադրական հանրաքվեին ընդառաջ քարոզարշավ իրականացնել: «Հեյ, Գերմանիա, դուք ժողովրդավարության հետ հեռու-մոտիկ որևէ կապ չունեք: Իմացեք, որ ձեր ներկայիս պահվածքը չի տարբերվում անցյալի նացիստական պահվածքից»,- ասել էր Էրդողանը:

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մարտի 2-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել է դրա անցկացումը: Քաղաքապետը հայտնել է, որ որոշումը քաղաքական բնույթ չունի:

Armenpress.am