Die Welt․ Էրդողանն ուզո՞ւմ է փակել սահմանները՝ թող փակի
https://parstoday.ir/hy/news/world-i57116-die_welt_Էրդողանն_ուզո_ւմ_է_փակել_սահմանները_թող_փակի
Թուրք քաղաքական գործիչները սպառնում են խզել միգրացիոն գործարքը ու թույլ տալ սիրիացիներին շարունակել իրենց ճանապարհը դեպի հյուսիս։ Այդ ամենը դատարկ սպառնալիքներ են, գրում է Die Welt-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2017 06:16 Asia/Tehran
  • Die Welt․ Էրդողանն ուզո՞ւմ է փակել սահմանները՝ թող փակի

Թուրք քաղաքական գործիչները սպառնում են խզել միգրացիոն գործարքը ու թույլ տալ սիրիացիներին շարունակել իրենց ճանապարհը դեպի հյուսիս։ Այդ ամենը դատարկ սպառնալիքներ են, գրում է Die Welt-ը։

«Ֆաշիզմի ոգին շրջում է Եվրոպայի փողոցներում»,- հայտնել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Սխալ կլիներ նման հայտարարությունը միայն նախընտրական հոխորտանք համարել։ Այս մարդը, - գրում է հրապարակման հեղինակը,- ամենայն հավանականությամբ այլեւս երբեք չի վերադառնա ընդունելի շրջանակներ»։ «Դաշնային կառավարությունը պետք է ինքն իրեն հարց տա՝ արդյոք Գերմանիան ճիշտ է կողմնորոշվում ավտոկրատի հետ հարաբերություններում։ Եվրոպան պարտական է Էրդողանին փախստականների քանակի զգալի կրճատման համար, ասում են Եվրոպայում ու չի կարելի վտանգել ձեռք բերված հաջողությունը։ Մի՞թե»,-գրում է լրագրողը։

Միգրացիոն գործարքը խզելու սպառնալիքներ  Անկարայից հնչում են նախանձելի պարբերականությամբ՝ Բրյուսելում դիվանագետներն արդեն քմծիծաղով են ընկալում դրանք։ «Առայսօր ոչինչ տեղի չի ունեցել։ Իսկ ինչո՞ւ։ Էրդողանը կատարելով իր սպառնալիքները՝ կզրկվեր Արեւմուտքի վրա ճնշման կարեւոր գործիքից, ինչպես ինքն է համարում։ Կարելի է միայն խրախուսել Անկարային՝ Դե , փակե՛ք սահմանները, գործի անցեք»։

«Եթե նման բան տեղի ունենա, ապա ակնհայտ կդառնա , որ Թուրքիայից ցամաքով կամ ծովով այդքան էլ շատ փախստական  չի ուղեւորվի դեպի  Հունաստան  ու Բուլղարիա,-կարծում է հեղինակը,- Էրդողանը չի կարողանա իրականացնել այն, ինչով սպառնում է, նա չի կարողանա միգրացիոն նոր ալիք առաջացնել Եվրոպայում»։

Թուրքիայում գտնվող սիրիացիների մեծ մասը կամ կնախընտրի Թուրքիայում մնալ, կամ հայրենիք կվերադառնա։ Եվ հետո ՝ Թուրքիան, իր իսկ շահերից ելնելով ,այնքան ամուր է փակել Սիրիայի հետ սահմանները, որ նոր փախստականներ գրեթե չեն ներթափանցում երկիր։

Էրդողանին ԵՄ-ն ավելի շատ է պետք, քան նա ԵՄ-ին, համարում է հոդվածագիրը։ «Անկարան այս պահին չունի ուրիշ գործընկերներ, որոնք ունակ են փոխարինել եվրոպացիներին։ Ճիշտ ժամանակն է, որ Եվրոպան ավելի ինքնավստահ կեցվածք դրսեւորի»,- խորհուրդ է տալիս հոդվածագիրը։

News.am