Դինքի սպանության գործով Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու օրդեր է տրվել
https://parstoday.ir/hy/news/world-i57496-Դինքի_սպանության_գործով_Ֆեթուլլահ_Գյուլենին_ձերբակալելու_օրդեր_է_տրվել
Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում Ստամբուլի ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչյուն ևս 8 անձի ձերբակալման որոշում է կայացրել, որոնց թվում է նաև Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, այս մասին գրում է «Ակօսը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2017 07:12 Asia/Tehran
  • Դինքի սպանության գործով Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու օրդեր է տրվել

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում Ստամբուլի ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչյուն ևս 8 անձի ձերբակալման որոշում է կայացրել, որոնց թվում է նաև Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, այս մասին գրում է «Ակօսը»:

Նշվում է, որ 8 հոգուց 6-ն արդեն ձերբակալված են, վերջիններս կասկածվում են նաև Դինքի սպանությունից հետո մարդասպան Օգյուն Սամասթի` պաշտոնյաների հետ արված լուսանկարները համացանցում տարածելու համար:

Հիշեցնենք, որ Դինքի սպանության գործով մեղադրյալների աթոռին հայտնված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված են նաև հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու մեղադրանքով դատական գործեր: 

Դինքի սպանության հետ նրանց անմիջական կապի մասին փաստող տեսանյութերն ի հայտ եկան հենց հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող Ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցների դեմ պետության կողմից սկսված լայնածավալ որսի ընթացքում: 

Սեպտեմբերին համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում Դինքի սպանության օրը երևում է, թե ինչպես է մարդասպան Օգյուն Սամասթն իր քայլերն ուղղում դեպի «Ակօսի» խմբագրության շենք, այդ նույն տեսանյութում երևում են նույն տարածքում անհանգիստ այսուայն կողմ քայլող տղամարդիկ, որոնք, կարծես, նշան են տալիս Օգյուն Սամասթին:

Ավելի ուշ համացանցում տարածվել է ևս մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է թուրքական ոստիկանության պաշտոնյաներից մեկը բանտում ողջագուրվում և լուսանկարվում Սամասթի հետ:

tert.am/