Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը Չինաստանին սրում է իրավիճակը
«ԱՄՆ-ի Կոնգրեսի վերլուծական հաշվետվությունում նշվում է, որ Ռուսաստանի կողմից Չինաստանին զենքի վաճառքը եւ Մոսկվայի ու Պեկինի միջեւ ռազմական կապերի ամրապնդումը սպառնում է ԱՄՆ-ի օդային գերազանցությանը»,-գրում է Չարլզ Քլովերը Financial Times-ում:
«Չինացիների ձեռքում ռուսաստանյան զենքի հայտնվելը (այնպիսիք, ինչպիսիք են աշխարհում լավագույններից համարվող С-400 դասի հրթիռային համակարգերը եւ չորրորդ սերնդի Су-35 դասի ռեակտիվ կործանիչները) կարող է զգալի հետեւանքներ ունենալ Միացյալ Նահանգների համար»,-նշվում է Կոնգրեսի կողմից ձեւավորված հատուկ հանձնաժողովի զեկույցում:
«Նշվում է, որ ռուսաստանյան ռազմական համակարգերը, որոնք առավել բարձրակարգ են, քան Չինաստանում արտադրվածները, բարձրացնում է Պեկինի մարտունակությունը հնարավոր այնպիսի հակառակորդների հետ առճակատման դեպքում, ինչպիսիք են Թայվանը կամ ԱՄՆ-ը: Դրանք նաեւ թույլ կտան Չինաստանին արագացնել սեփական առաջնակարգ զինատեսակների մշակման գործընթացը»:
«Մոսկվան նախորդ տարի վերսկսեց ժամանակակից ռազմական տեխնոլոգիաների վաճառքը Չինաստանին, քանի որ աշխարհաքաղաքականությունն ու տնտեսությունը «չեզոքացնում» են այն մտավախությունները, որ Չինաստանը կարող է պատճենել ռուսաստանյան սպառազինությունը»,-եզրափակում է հոդվածագիրը:
Աղբյուր՝ Financial Times