Էրդողանը Հունաստանն անվանել է «գյավուրի հող»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանն անվանել է «գյավուրի հող» և հայտարարել, որ երբևէ չի կարող ապրել «գյավուրների» կողքին:
Էրդողանը, խոսելով նախորդ տարվա հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մասին, պատմել է, որ իր անվտանգությունն ապահովելու համար առաջարկվել է մեկնել հարևան Հունաստան: «Ես ասացի՝ ավելի լավ է այստեղ՝ իմ հողում մահանամ, քան գյավուրի հողում մնամ պատանդ», - ասել է Էրդողանը: Այս մասին փոխանցում է Sputnik-ի թուրքական ծառայությունը: Նշենք, որ «գյավուր» բառը թարգմանաբար նշանակում է անհավատ, սակայն ավելի հաճախ կրում է արհամարհական կամ ստորացուցիչ իմաստ:
Թուրքիայում Առողջապահական գիտությունների համալսարանում կազմակերպվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը երիտասարդների հետ: Հանդիպմանը հնչել են հարցեր երկրում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի և նախագահական համակարգին անցնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթի կայքը, նախագահ Էրդողանը չի պատասխանել երիտասարդներից մեկի հարցին, որը վերաբերվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքին: Երրորդ կուրսի ուսանողուհի Էսրա Շենը այլ հարցերի հետ մեկտեղ մասնավորապես հարցրել է, թե սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ կառավարման նախագահական համակարգին անցնելու դեպքում ինչպես են գործելու և պաշտպանվելու Աթաթուրքի բերած բարեփոխումներն ու ձեռքբերումները: Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարզապես անտեսել է այդ հարցը:
Ankakh.com