Կիմ Չեն Ընը համերաշխություն է հայտնել Բաշար Ասադին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իր համերաշխությունն է հայտնել ԱՄՆ-ի հետ առճակատման հարցում, հայտնում է lenta.ru-ն: Նա ընդգծել է նաեւ, որ պատրաստ է «բարեկամ կառավարությանն ու ժողովրդին» աջակցություն ցուցաբերել արդարության հասնելու գործում:
Այդ մասին նշվում է կորեացի առաջնորդի շնորհավորական հեռագրում, որն ուղարկվել է Բաշար Ասադին Սիրիայի անկախության 71-ամյակի կապակցությամբ:
Իր ուղերձում Կիմ Չեն Ընը դատապարտել է ԱՄՆ-ի զինուժի կողմից սիրիական Շայրաթ ավիաբազային հասցված հրթիռային հարվածները: Նրա խոսքերով, դա «ագրեսիայի փաստ է եւ ռազմական հանցագործություն»:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի իշխանությունները ցանկություն էին հայտնել զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ եվրոպական եւ ամերիկյան պատժամիջոցներին համատեղ ուժերով դիմակայելու նպատակով:
Վերջին օրերին զգալիորեն սրվել է իրավիճակը Կորեական թերակղզում: Ապրիլի 15-ին Հյուսիսային Կորեան անհաջող հրթիռային փորձարկում իրականացրեց, որի ընթացքում ԱՄՆ-ը տարածաշրջանում կենտրոնացրեց զինուժի հարվածային ստորաբաժանում «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ: Ամերիկյան իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստ են հարվածներ հասցնել հյուսիսկորեական ռազմական օբյեկտներին, եթե Փխենյանը նոր միջուկային փորձարկում իրականացնի:
Աղբյուր՝ lenta.ru