Մամուլի տեսություն 24-04-2017
Այսօր լրանում է Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցը, այսօր պաշտոնապես մեկնարկել է Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների քարոզարշավը, այսօր հայտարարվել են ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները: Օրվա մամուլը և ԶԼՄ-ներն անդրադարձել էին օրվա կարևորագույն իրադարձություններին:
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի մասին «ԻՍՆԱ» գործակալությունը հաղորդել էր.
Ապրիլի 23-ին Թ.Հ.Թ. Առաջնորդ ՝ Արք. Սեպուհ Սարգսյանի հովվապետությամբ, Թեհրանի հայոց թեմի Առաջնորդարանում կայացավ Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողակարգը:
Հիշատակի արարողակարգի ընթացքում, առաջնորդարանի շրջափակում զոհերի հիշատակը հավերժացնող հուշամալիրի մոտ տեղի ունեցավ ծաղկեմատույց: Վերջում ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակությամբ կայացավ մամուլի ասուլիս, որտեղ լրագրողները ստացան իրենց հարցերի պատասխանները:
«ԻՌՆԱ» գործակալություն
Թ.Հ.Թ. Առաջնորդ ՝ Արք. Սեպուհ Սարգսյան.«Իրաքում և Սիրիայում այսօր իրականացվող ոճրագործությունները ցեղասպանություն են : Կրոնական փոքրամասնությունների դեմ արվող քայլերը շարունակությունն են անցյալում գործած ոճիրների»:
***
«Իրան» օրաթերթ
Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը դուրս են եկել Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ ՝ համապատասխանաբար շահելով ձայների 23.75 և 21.53 տոկոսը:
Ֆրանսիայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների 11-րդ շրջանին մասնակցել է ֆրանսացիների 78.69 տոկոսը: 2012 թվականի ընտրություններին մասնակցել էին երկրի բնակչության 80.42 տոկոսը: Թվերը վկայում են մասնակիցների թվերի կրճատման մասին: Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մայիսի 7-ին : Ընտրապայքարի մեջ են լինելու առաջին փուլի երկու առաջատար թեկնածուները: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ ընտրությունների երկրորդ փուլում միասնական ուժ է ձևավորվելու ծայրահեղականության դեմ:
***
«Համշահրի»
Գերմանիան Մաքրոնին է շնորհավորել, Ռուսաստանը ՝ Լե Պենին
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի ձայներն ամփոփվելուց և արդյունքների մասին հայտարարվելուց հետո, տարբեր երկրներ արձագանել են այդ իրադարձությանը: Հետաքրքրական է այն, որ Գերմանիան Մաքրոնին է շնորհավորել, Ռուսաստանը ՝ Լե Պենին: Գերմանիայի կանցլերի խոսնակը և Եվրամիության ղեկավարները Մաքրոնին են շնորհավորել , իսկ Ռուսաստանում Լե Պենին հուսալի գործիչ են համարում: Գերմանիայի կանցլերի խոսնակը դրվատել է Եվրամիությանը միասնականությանն ուղղված նրա քաղաքականությունը: Մաքերոնին շնորհավորել են նաև Ֆեդերիկա Մոգերինին և Ժան Քլոդ Յունկերը:
***
«Իրան» օրաթերթ
Մտավորականներն ընդդեմ Թրամփի
Ապրիլի 22-ին ՝ «Մաքուր մոլորակ»-ի միջազգային օրը, հազարավոր գիտնականներ ու մտավորականներ ցույցեր են իրականացրել Թրամփի դեմ: Վերջերս ԱՄՆ նախագահը հարցականի տակ էր տարել գլոբալ տաքացման վերաբերյալ գիտնականների խոսքերը և խոստացել էր, որ կրճատելու է երկրի առողջության ազգային ինստիտուտի, ՆԱՍԱ-ի, շրջակա միջավայրի պահպանման և մթնոլորտային ազգային վարչությանը հատկացվող բյուջեն: Կոնգրեսում այդ նախագիծը հաստատվելու դեպքում, հիշյալ գիտական կառույցները ոչ միայն տուժելու են գիտական ծրագրերի առումով, այլ պաշտոնյաների մեկ երրորդը զրկվելու է աշխատանքից:
***
«Շարղ» օրաթերթ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Սիրիայի նախագահին
Սիրիայի անկախության օրվա առթիվ այդ երկրի նախագահ ՝ Բաշշար Ասադին հղած շնորհավորական ուղերձում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՝ Անտոնիո Գուտիրեշը նշել է.«Մեր օրերին աշխարհն ապրում է մեծ ու փոքր խոստումներով ՝ զուգահեռաբար անվտանգության մեծ անջրպետի դիմագրավելով»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է.«Այս տարին մեկնարկեցինք աշխարհում խաղաղության հաստատման հույսով»:
***
«Ալիք» օրաթերթ
«Ապրել ու գործել հեռանկարով մեր նահատակների կտակի իրագործման» խորագրով Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Թ.Հ.Թ. Առաջնորդ ՝ Արք. Սեպուհ Սարգսյանի հղած ուղերձում ասված է.
Ցեղասպանութեան սահմռկեցուցիչ ու սարսափազդու փոթորիկի միջից անցնելով հայ ժողովուրդը, այսօր 102 տարիներ յետոյ, որեւէ մի ժամանակից աւելի գիտակցում է ահաւորութիւնը այդ Ցեղասպանութեան, որ ոչ միայն իր հայրենի բնօրրանից արմատախիլ արեց մի շինարար ու ստեղծագործ ժողովուրդ, այլեւ բռնագրաւեց իր պատմական հայրենիքի մեծ մասը, նրան դարձնելով գաղթական ու անհայրենիք: Աւելի քան մէկուկէս միլիոն նահատակների եւ սրբազան հողի կորստեան երկեակ խորհրդով նւիրականացած ոգեկոչումը Ցեղասպանութեան, մեզ մղում է համապարփակ ու խոր գիտակցութեամբ վերատեսելու մեր ողջ կեանքն ու հիմնական, վերանորոգիչ կենսայորդ հաւատքով ու անվրէպ յոյսով ու վճռակամութեամբ շարունակելու մեր կեանքի գոյապայքարը:
Մեր գոյապայքարի զէնքը մեր հաւատքի կողքին լինելու է իմացումը, սերտողութիւնն ու ուսումնասիրութիւնը մեր պատմութեան, ողջ պատմութեան, որի անբաժան մասնիկն է Ցեղասպանութեան պատմութիւնը: Ոճիր է, այլեւ անարգանք է լոկ մակերեսային, լոզունգային արտայայտութիւններով, բացականչութիւններով, ամպագոռգոռ ելոյթներով ոգեկոչումը Հայոց Ցեղասպանութեան:
Մեր նահատակները հասարակ գիւղացուց սկսած մինչեւ մտաւորականն ու ազգային գործիչը, ծծկեր մանուկից մինչեւ կեանքի մայրամուտը ապրած ծերուկը, ապրեցին տառապանքը, հալածանքն ու չարչարանքը, սովն ու արհամարհանքը իրենց ողջ էութեամբ: Չարժէ՞ր իմանալ այդ բոլորի պատմութիւնը:
Իմացումն ու գիտակցութիւնը եղեռնաբոյր կեանքի պատմութեան մեր սիրտը, եթէ մի կողմից տխրութեամբ համակելու է, սակայն միւս կողմից, սիրով ու արդար հպարտութեան զգացումներով լցնելու, քանի որ այդ պատմութիւնը հերոսների պատմութիւնն է, վկաների, սուրբ վկաների պատմութիւնն է, ներշնչող ու սերունդները իրենց արմատներին առաջնորդող պատմութիւն:
Քրիստոսի հրաշափառ Յարութեան խորհրդով օծուն այս օրերին, ահա մենք էլ մոխրից ու անապատի կիզիչ աւազների ընդերքից յարութիւն առած շարունակում ու շարունակելու ենք մեր երթը:
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի
24 Ապրիլ 2017
***
armedia.am
Թուրքիան ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում․ մեկնարկում է ԵԽԽՎ նստաշրջանը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը կտևի մինչև ապրիլի 28-ը։ Ուշադրության կենտրոնում Թուրքիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակն է, ԵԽԽՎ ներսում կոռուպցիոն սկանդալները և այլ թեմաներ։
ԵԽԽՎ-ում ելույթ կունենան Իսպանիայի թագավորն ու Հունաստանի նախագահը։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը կներկայացնի 2016թ․-ի իր տարեկան զեկույցը։ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կպատասխանի խորհրդարանականների հարցերին։ ԵԽԽՎ-ում ելույթ կունենա ու հարցերի կպատասխանի Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսը՝ ԵԽ-ում Կիպրոսի նախագահության շրջանակներում։
ԵԽԽՎ այս նստաշրջանի ուշադրության կենտրոնում կլինի «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» զեկույցի քննարկումը, որը նախատեսված է ապրիլի 25-ին, հայտնում է Panorama.am-ը։
Զեկույցը վերաբերում է երկրում արտակարգ իրավիճակի շարունակմանը, խորհրդարանականների ու լրագրողների ձերբակալություններին, խոսքի ու ԶԼՄ-ների ազատության կրկնվող խախտումներին։ Թուրքիայում տեղի ունեցող այս ողջ բացասական զարգացումների լույսի ներքո կոչ է արվում ԵԽԽՎ-ին՝ Թուրքիային հետ-մոնիտորինգային ընթացակարգից վերադարձնել մոնիտորինգի տակ, ինչն իսկապես հետընթաց կլինի Թուրքիայի համար։
ԵԽԽՎ այս նստաշրջանում առանցքային քննարկվող թեմաներից է լինելու նաև ԵԽԽՎ պատգամավորներին ուղղված կոռուպցիայի պնդումները, որը քննարկվելու է բյուրոյի նիստում։ Այս հարցը ներառված չէ նստաշրջանի օրակարգում, որի առաջարկով հանդես էին 56 միջազգային Հասարակական կազմակերպություններ։
Այս թեմայով ԵԽԽՎ շրջանակներում առանձին քննարկում են նախատեսել հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմցիգն ու գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն, որին ներկա է լինելու նաև «Խավիարային դիվանագիտությունը» հեղինակած «Եվրոպական կայունության նախաձեռնության տնօրեն Ջերալդ Կնաուսն ու «Amnesty International»-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով տնօերն Ջոն Դալհուիսենը։