Հս. Կորեան անցկացրել է պատմության մեջ խոշորագույն հրետանային զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/world-i60220-Հս._Կորեան_անցկացրել_է_պատմության_մեջ_խոշորագույն_հրետանային_զորավարժությունները
Հյուսիսային Կորեան Վոնսան նավահանգստի շրջանում անցկացրել է երկրի պատմության մեջ խոշորագույն հրետանային զորավարժությունները՝ նշելով բանակի կազմավորման 85-րդ տարեդարձը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2017 06:52 Asia/Tehran
  • Հս. Կորեան անցկացրել է պատմության մեջ խոշորագույն հրետանային զորավարժությունները

Հյուսիսային Կորեան Վոնսան նավահանգստի շրջանում անցկացրել է երկրի պատմության մեջ խոշորագույն հրետանային զորավարժությունները՝ նշելով բանակի կազմավորման 85-րդ տարեդարձը:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, ենթադրաբար, զորավարժությունների ընթացքին հետևել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը:

Նշենք, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Կորեական թերակղզու շուրջ նախապատերազմական վիճակ է ստեղծվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը սպառնացել է գերհզոր կանխարգելիչ հարված հասցնել Միացյալ Նահանգներին՝ այդ երկրի կառավարությանը նախազգուշացնելով «գործ չունենալ իրենց հետ»:

Այնուհետև պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան կարող է հաշված վայրկյանների ընթացքում երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն ու իր թշնամուն մոխրի վերածել:

Փհենյանի ու Վաշինգտոնի միջև նախապատերազմական վիճակի ֆոնին Չինաստանը 150.000-անոց զորք է տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին: Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ուժեղացնել այդ երկրի հետ սահմանային պաշտպանությունը, ավելացնել զինվորների ու անհրաժեշտ սարքավորումների, զինտեխնիկայի քանակը:

Ավելի վաղ Միացյալ ազգերի կազմակերպությունում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնն ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարված իրավիճակ ստեղծելու համար՝ նախազգուշացնելով, որ ցանկացած պահի կարող է ջերմամիջուկային պատերազմ սկսվել:

Պարբերականը նկատում է, որ Կիմ Ին Ռյոնի նախազգուշացմանը նախորդել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունն առ այն, որ դաշնակից Ճապոնիայի և Հարավային Կորեայի անվտանգությունն ապահովելու համար Վաշինգտոնը պատրաստ է  ամեն ինչի՝ չբացառելով կանխարգելիչ հարված հասցնելու հավանականությունը: Փենսը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հյուսիսային Կորեան սառեցնի միջուկային ծրագրի զարգացումը:

Tert.am