Հս. Կորեան անցկացրել է պատմության մեջ խոշորագույն հրետանային զորավարժությունները
Հյուսիսային Կորեան Վոնսան նավահանգստի շրջանում անցկացրել է երկրի պատմության մեջ խոշորագույն հրետանային զորավարժությունները՝ նշելով բանակի կազմավորման 85-րդ տարեդարձը:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, ենթադրաբար, զորավարժությունների ընթացքին հետևել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը:
Նշենք, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Կորեական թերակղզու շուրջ նախապատերազմական վիճակ է ստեղծվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը սպառնացել է գերհզոր կանխարգելիչ հարված հասցնել Միացյալ Նահանգներին՝ այդ երկրի կառավարությանը նախազգուշացնելով «գործ չունենալ իրենց հետ»:
Այնուհետև պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան կարող է հաշված վայրկյանների ընթացքում երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն ու իր թշնամուն մոխրի վերածել:
Փհենյանի ու Վաշինգտոնի միջև նախապատերազմական վիճակի ֆոնին Չինաստանը 150.000-անոց զորք է տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին: Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ուժեղացնել այդ երկրի հետ սահմանային պաշտպանությունը, ավելացնել զինվորների ու անհրաժեշտ սարքավորումների, զինտեխնիկայի քանակը:
Ավելի վաղ Միացյալ ազգերի կազմակերպությունում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնն ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարված իրավիճակ ստեղծելու համար՝ նախազգուշացնելով, որ ցանկացած պահի կարող է ջերմամիջուկային պատերազմ սկսվել:
Պարբերականը նկատում է, որ Կիմ Ին Ռյոնի նախազգուշացմանը նախորդել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունն առ այն, որ դաշնակից Ճապոնիայի և Հարավային Կորեայի անվտանգությունն ապահովելու համար Վաշինգտոնը պատրաստ է ամեն ինչի՝ չբացառելով կանխարգելիչ հարված հասցնելու հավանականությունը: Փենսը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հյուսիսային Կորեան սառեցնի միջուկային ծրագրի զարգացումը:
Tert.am