Հս. Կորեայի շուրջ ստեղծված նախապատերազմական վիճակի պատճառով ճապոնացիները բունկերներ են պատվիրում
https://parstoday.ir/hy/news/world-i60414-Հս._Կորեայի_շուրջ_ստեղծված_նախապատերազմական_վիճակի_պատճառով_ճապոնացիները_բունկերներ_են_պատվիրում
Ճապոնիայում կտրուկ աճել են տնային և կորպորատիվ բունկերների պատվերները, ինչը պայմանավորված է Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային պատերազմ սկսելու սպառնալիքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2017 07:37 Asia/Tehran
  • Հս. Կորեայի շուրջ ստեղծված նախապատերազմական վիճակի պատճառով ճապոնացիները բունկերներ են պատվիրում

Ճապոնիայում կտրուկ աճել են տնային և կորպորատիվ բունկերների պատվերները, ինչը պայմանավորված է Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային պատերազմ սկսելու սպառնալիքով:

«Չնայած Ճապոնիան միակ երկիրն է, որն իր վրա զգացել է ատոմային ռմբակոծությունների սարսափը, ճապոնացիներն առ այսօր քիչ հետաքրքրություն են ցուցաբերել տանը կամ աշխատավայրում բունկեր ունենալու նկատմամբ: Իմ կարծիքով՝ դա անթույլատրելի թեթևամտություն է»,-նշել է ստորգետնյա թաքստոցների կառուցմամբ զբաղվող ընկերություններից մեկի ղեկավար Նաոկո Օրիբեն:

Ինչպես նշում է ria.ru-ն, Օրիբեն մանրամասնել է, որ Կորեական թերակղզու շուրջ ստեղծված նախապատերազմական իրավիճակի պատճառով ճապոնացիները սկսել են մտածել սեփական անվտանգության մասին ու բունկերներ են պատվիրում:

«Դա պայմանավորված է Հյուսիսային Կորեայի հետ, ինչն իրոք վախենալու է: Սակայն ստորգետնյա բունկերի կառուցումը տևում է 4 ամիս ու, եթե հարձակումը մոտ ժամանակում լինի, բունկերները պատրաստ չեն լինի»,-հավելել է Օրիբեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը սպառնացել է գերհզոր կանխարգելիչ հարված հասցնել Միացյալ Նահանգներին՝ այդ երկրի կառավարությանը նախազգուշացնելով «գործ չունենալ իրենց հետ»:

Այնուհետև պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան կարող է հաշված վայրկյանների ընթացքում երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն ու իր թշնամուն մոխրի վերածել:

Փհենյանի ու Վաշինգտոնի միջև նախապատերազմական իրավիճակի ֆոնին Չինաստանը 150.000-անոց զորք է տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին: Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ուժեղացնել այդ երկրի հետ սահմանային պաշտպանությունը, ավելացնել զինվորների ու անհրաժեշտ սարքավորումների, զինտեխնիկայի քանակը:

Ըստ բրիտանական աղբյուրի՝ ռուսական կողմը մտավախություններ ունի առ այն, որ պատերազմ սկսելու դեպքում հյուսիսկորեացիները կարող են զանգվածաբար դեպի Ռուսաստան փախչել:

Միացյալ ազգերի կազմակերպությունում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնն ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարված իրավիճակ ստեղծելու համար՝ նախազգուշացնելով, որ ցանկացած պահի կարող է ջերմամիջուկային պատերազմ սկսվել:

Պարբերականը նկատում է, որ Կիմ Ին Ռյոնի նախազգուշացմանը նախորդել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունն առ այն, որ դաշնակից Ճապոնիայի և Հարավային Կորեայի անվտանգությունն ապահովելու համար Վաշինգտոնը պատրաստ է  ամեն ինչի՝ չբացառելով կանխարգելիչ հարված հասցնելու հավանականությունը: Փենսը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հյուսիսային Կորեան սառեցնի միջուկային ծրագրի զարգացումը:

News.am