Հս. Կորեան պատրաստ է երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ
Բարձրաստիճան հյուսիսկորեացի դիվանագետ Չո Սոն Հույը, որը զբաղվում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հարցերով, լրատվամիջոցներին հայտնել է, որ պաշտոնական Փհենյանը պատրաստ է երկխոսություն սկսել Վաշինգտոնի հետ:
Reuters-ի փոխանցմամբ՝ դիվանագետն ընդգծել է, որ իրենք երկխոսությունը կսկսեն միայն բարենպաստ պայմանների ստեղծման դեպքում:
«Մենք երկխոսություն կսկսենք, եթե բարենպաստ պայմաններ լինեն»,-նշել է Հյուսիսային Կորայի արտաքին քաղաքական գերատեսչության ԱՄՆ հետ հարաբերությունների գծով ղեկավարը:
Պաշտոնյան նաև չի բացառել, որ Փհենյանը կարող է բանակցություններ սկսել Հարավային Կորեայի նորընտիր նախագահի վարչակազմի հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը սպառնացել է գերհզոր կանխարգելիչ հարված հասցնել Միացյալ Նահանգներին՝ այդ երկրի կառավարությանը նախազգուշացնելով «գործ չունենալ իրենց հետ»: Այնուհետև պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան կարող է հաշված վայրկյանների ընթացքում երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն ու իր թշնամուն մոխրի վերածել:
Փհենյանի ու Վաշինգտոնի միջև նախապատերազմական իրավիճակի ֆոնին Չինաստանը 150.000-անոց զորք է տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին: Միաժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ուժեղացնել այդ երկրի հետ սահմանային պաշտպանությունը, ավելացնել զինվորների ու անհրաժեշտ սարքավորումների, զինտեխնիկայի քանակը:
Միացյալ ազգերի կազմակերպությունում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնն ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարված իրավիճակ ստեղծելու համար՝ նախազգուշացնելով, որ ցանկացած պահի կարող է ջերմամիջուկային պատերազմ սկսվել:
Tert.am